ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՊԱԼԱՏ ԵՎ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ԳԱՆՁԱՏՈՒՆ
1901 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.102.4
Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին
Գտնվում է Անդրեյ
Սախարովի անվան հրապարակի հարավարևելյան անկյունում՝ Նալբանդյան փողոց 48 հասցեում:
Որպես պալատ գործել է մինչև 1918 թ., այնուհետև, Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին
(1918-1920 թթ.) շենքում եղել է նաև ֆինանսների նախարարությունը: Հետագայում հատկացվել
է հիվանդանոցի, վարչական հիմնարկների (Մթերումների նախարարություն և այլն): Շինարարությունն
սկսվել է 1900 թ. և ավարտվել 1901 թ.:
Երկհարկ, նկուղով կառույց է: Հատակագիծն ունի բարդ երկրաչափական պատկեր: Գլխավոր մուտքը Նալբանդյան փողոցից է՝ շքասրահով և եռաթռիչք սանդուղքով: Առաջին և երկրորդ հարկերում բաժանմունքներն ու հաշվապահական սենյակներն են, դրամախցերը, պաշտոնատարության սրահը, կառավարչի և գանձապետի առանձնասենյակները, ինչպես նաև ծառայողական այլ սենյակներ: Գետնահարկում սուրհանդակների և ցրիչների սենյակներն են, արխիվը, օժանդակ մակերեսները և այլն: Շենքի հարավարևելյան թևն իր լուծմամբ և պատկերով զատվում է հիմնական ծավալից՝ աստիճանավանդակով: Անդրեյ Սախարովի անվան հրապարակից մեկուսի երկու մուտք տանում են գանձապետի և կառավարչի բնակարաններ. յուրաքանչյուրին հատկացված է մեկ հարկ: Շենքը շարված է կոպտատաշ տուֆով: Փողոցահայց ճակատները երեսապատված են երևանյան սև տուֆով: Պատշգամբները փայտից են:
Շենքն արժեքավոր
է՝ որպես XIX դարավերջի և XX դարասկզբի ճարտարապետական հուշարձան: Ուշագրավ է ապակեպատ
պատշգամբը, որը Երևան քաղաքի այդ ժամանակաշրջանի պահպանված ճարտարապետության միակ նմուշն
է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան