ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՇԵՆՔ
1954 թ.
Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Մարտին Միքայելյան
Վարչական շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա, 7 հասցեում՝ պողոտայի և Սևանի փողոցի հատման հատվածում։
Կառուցվել է 1954 թ., որպես ՀԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչության
շենք: 1990-ական թթ. տրամադրվել է ՀՀ Կադաստրի կոմիտեին: 1990-ական, 2000-ական թթ.
կատարվել են նորոգչական աշխատանքներ՝ չխաթարելով շինության կառուցվածքային լուծումները:
Քառահարկ է, նկուղով:
Հատակագիծն ուղղանկյուն է, բոլոր հարկերում նույն՝ միջանցքի երկու կողմում դասավորված
սենյակների համակարգով: Մուտքերը երկուսն են՝ գլխավոր ճակատի եզրային մասերից: Միջհարկային
հաղորդակցությունը մուտքերի դիմաց, խորքում տեղադրված աստիճանավանդակներով է: Նկուղային
հարկի (տնտեսական նշանակության սենյակներ) մուտքն առաջին հարկի աստիճաններով է և արևելյան
ու հարավային ճակատների լրացուցիչ դռներով: Ճակատներն ունեն ճարտարապետական համաչափ
լուծումներ: Կողային ճակատների յուրաքանչյուր հարկում 2-ական պատուհաններ են: Բակ նայող
ճակատը լուծված է ռիթմիկ դասավորված բացվածքներով և աստիճանների ուղղությամբ ձգվող,
ընդհանուր հարթությունից դուրս եկող կիսագլանաձև ծավալներով: ՝ Դեպի պողոտա դիրքորոշված
գլխավոր ճակատը ճարտարապետական հարուստ լուծումներ ունի: Առաջին հարկում՝ մուտքերի
միջև կամարակապ վեց լայն պատուհան է: Շենքին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում
երկրորդ և երրորդ հարկերի ընդհանուր, բարձր սյունակամարաշարով և երրորդ հարկի սյունաշարով
(ճակատի ողջ երկայնքով) ձևավորված լոջիաները՝ տրամատավորված քիվագոտին:
Գլխավոր և կողային
ճակատները կառուցված են վարդագույն սրբատաշ տուֆից, բակ դիրքորոշված ճակատը պատված
է սպիտակ սվաղով:
Շենքն աչքի է
ընկնում հորինվածքի ինքնատիպությամբ, կուռ կառուցվածքով, ճարտարապետական ազգային ավանդույթների ստեղծագործական
կիրառմամբ: 1950-ական թթ. Երևանը ներկայացնող շինություններից է:
Ունի նորահայտ
հուշարձանի կարգավիճակ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան