ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՎ ՏՈՒՆ


1905-1910


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.8
Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

Շենքը գտնվում է Հանրապետության և Մելիք-Ադամյան փողոցների ու Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում։

1905 թվականից ընտանիքով այս տանն է ապրել և աշխատել Երևանի նահանգապետ (1896–1916), կոմս Վլադիմիր Տիզենհաուզենը։ Նահանգապետի գրասենյակից և նահանգապետարանի մոտակա շենքից փողոցն ստացել է Գուբերնսկայա (Նահանգական) անվանումը։ 1918–1920 թթ. շենքում գործել է Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը։

Սարդարապատի հերոսամարտի (1918) ավարտից հետո այս շենքի երկրորդ հարկի կիսաշրջանաձև պատշգամբից Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը հայտարարել է Հայաստանի անկախությունը և ծածանել հայկական եռագույնը։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքը զբաղեցրել են Հայաստանի հեղափոխական կոմիտեն և Ժողովրդական կոմիսարների խորհուրդը։

1965–1998 թթ. այստեղ են գործել ՀԽՍՀ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, նրա «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունը և պետական այլ հաստատություններ։

1987–1988 թթ., պահպանելով ընդհանուր ճարտարապետական ոճը, շենքին հյուսիսից կցակառուցվել է Մելիք-Ադամյան փողոցի նոր մասնաշենքը, որի նպատակն էր Ալավերդյան և Մելիք-Ադամյան փողոցների եռանկյունում վերաստեղծել Հին Երևանին բնորոշ քաղաքային միջավայր։

Նահանգապետի տունը երկհարկանի է՝ նկուղով։ Հատակագիծը պայմանավորված է տեղանքով, որի պատճառով հարավարևելյան և արևմտյան պատերը միասին կազմում են սուր անկյուն, իսկ արևմտյան վեց սենյակները՝ սեղանաձև են։

Առաջին հարկը տրամադրված էր Երևանի նահանգապետի գրասենյակին։ Շենքի միջին մասում՝ լայնակի առանցքով, գտնվում են նախասրահը և աստիճանավանդակը։ Ծավալատարածական հորինվածքում գեղարվեստորեն մշակված են հարավարևելյան և արևմտյան ճակատները։ Անցումը համաչափ է՝ կիսաշրջանաձև, մետաղյա, ցանցկեն բարձակային պատշգամբով։ Բոլոր բացվածքներն ուղղանկյուն են։

Շարվածքում օգտագործված են տարբեր գույնի քարեր. պատերի հիմնական սև ֆոնի վրա վարդագույն տուֆով առանձնանում են բաժանումները, ելուստներն ու գոտիները, ինչպես նաև դեկորատիվ տարրերը: Պատերը հարդարված են ծեփածո զարդաքանդակներով, պատի վառարանները՝ վարդյակի և ծաղիկների տեսքով գունավոր խճասալիկներով։

Կրող պատերը կառուցված են քարից՝ կրաշաղախով։ Փողոցի կողմի ճակատները երեսպատված են տուֆով։ Ներսի պատերի համար օգտագործվել է կավաշաղախով ծղոտ։ Ծածկերն փայտից են՝ հարթ, իսկ նկուղների թաղերը՝ քարից։

2006–2010 թթ. շենքի ներսի ծավալները հիմնովին քանդվել և վերակառուցվել են, ավելացվել են վերնահարկեր։ Պահպանվել են միայն արտաքին պատերը։ Այժմ շենքը նաև բիզնես կենտրոն է, որտեղ տեղակայված են տարբեր կազմակերպություններ։


Հանրապետության փող. 37