ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ (այժմ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ)
1890-ական թթ. կեսեր-1910-ական թթ. սկիզբ
Պետ. ցուցիչ՝ 1.6.190
Ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան
Շենքը գտնվում է Մելիք-Ադամյան փողոց, 2 հասցեում: Նախկինում
գտնվել է, Թումանյան և Եզնիկ Կողբացի փողոցների խաչմերուկի հատվածում՝ Թումանյան փողոց, 23/1 հասցեում:
Երևանցի ձեռնարկատեր Համբարձում Սողոմոնյանը սերում էր թիֆլիսահայ հայտնի Սողոմոնյանների
գերդասատնից, որը 1853 թ. Թիֆլիսում հիմնել էր գինու և օղու գործարան: Համբարձում Սողոմոնյանն իր կոնյակի գործարանը
հիմնադրել է 1890-ական թթ. կեսերին: Գործարանն արտադրում էր կոնյակ, գինի, օղի,
լիկյոր և մրգային պահածոներ, և արտադրանքի թողարկմամբ զիջում էր միայն Նիկոլայ Շուստովի ու Դավիթ Սարաջյանի գործարաններին: Արտադրությունը
գնալով ընդլայնվում էր, և 1910-ականների սկզբին գործարանատիրոջ պատվերով կառուցվեց Դոկտորսկայա (այժմ՝ Թումանյան)
փողոցի վրա գտնվող շենքը: Նախագիծը կազմել է Երևանի 1906-1911 թթ. գլխավոր
հատակագծի հեղինակ, քաղաքային տեխնիկ Բորիս Մեհրաբյանը:
1915 թ. տվյալներով այն կոնյակի գործարանով, գրասենյակով, նկուղներով և տակառագործի արհեստանոցով, սև սրբատաշ տուֆով երեսապատված տուն էր: Մեկ և երկհարկ կառույցները խմբավորված էին ներքին բակի շուրջը:
Հայաստանի խորհրդայնացումից հետո ազգայնացվել է: Տասնյակ տարիներ գործել է որպես
տպարան:
ՀՀ կառավարության որոշմամբ շենքը տեղափոխվել և վերակառուցվել է Մելիք-Ադամյան փողոցում: 2001-ից այստեղ է տեղավորված Հայաստանի
հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Տեղափոխվելուց հետո ավելացվել է երրորդ հարկը:
Շենքը հետաքրքիր է իբրև XIX դ. վերջի-XX դ. սկզբի արտադրական կառույցի օրինակ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան