ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵԳՈՐ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ


1896 թ., 1905 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.4.4

Ճարտարապետներ՝ Վասիլ Միրզոյան, Բորիս Մեհրա­բյան

Բնակելի տունը գտնվում է Աբովյան, Պուշկինի, Հին Երևանցու փողոցների միջանկյալ հատվածում՝ Աբովյան փողոց 3/1 հասցեում:

Ըստ 1896 թ. Երևանի անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ Ե. Խանզադյանի հողատարածությունը կազմում էր 225 քառ. սաժեն (երկարության հին ռուսական չափի միավոր, հավասար է 2.134 մ)։ Տունը գտնվում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) և Թարխանովսկայա (այժմ՝ Պուշկինի) փողոցների հատման անկյունում:

Շենքի շինարարությունն սկսվել է 1896 թ: 1905 թ. Թարխանովսկայա և Սադովայա (հետագայում՝ Լալայանց, այժմ՝ Հին Երևանցու) փողոցների կողմից ավելացվել են շինության երկու նոր թևերը։ Առաջին հարկում էր Եգոր Խանզադյանի՝ կտորեղենի ու գալանտերեայի «Սաքսոնական» հայտնի խանութը, որը գործել է դեռևս 1877-ից։

1923 թ. տունն ազգայնացվել է: Ժամանակի ընթացքում ենթարկվել է ներքին վերափոխումների:

Երկհարկանի տունը բաղկացած է չորս բնակարաններից (յուրաքանչյուր հարկում 2-ական), ունի նկուղ: Տեղանքի ինտենսիվ կառուցապատման ձգտումը (երեք կողմից շրջապատված է փողոցներով, որոնցից Հին Երևանցու փողոցը անկյունով հատում է Աբովյան փողոցին), հանգեցրել է հատակագծի երկրաչափական ճիշտ պատկերի փոփոխությանը, որը գրեթե Г-աձև է (Աբովյան փողոցի ուղղությամբ երկարությունը 27,2 մ է, Պուշկինի փողոցի ուղղությամբ՝ 18,8 մ, Հին Երևանցու փողոցի ուղղությամբ՝ 17,2 մ): Աջ թևում տեղադրված են ներդաշնակ համամասնություններով անկանոն ձևի սենյակներ:

Սենյակները դասավորված են երկշարք և միաշարք համակարգով, սենյակների չափերն են՝ 36,2 քմ, 28,0 քմ, բարձրությունը՝ 3,7 մ: Շենքի առավելությունը սենյակների հիմնական մասի՝ դեպի փողոցներ դիրքորոշումն է, որը հազվադեպ երևույթ է պարագծային կառուցապատման մեջ: Շքամուտքը, որտեղ գտնվում են նախասրահներն ու սանդղավանդակը, Աբովյան փողոցից է, կապված է նաև բակի հետ: Մյուս մուտքը Պուշկինի փողոցից է: Բակի կողմի ճակատները գոտևորված են մինչև 2,6 մ լայնությամբ սրահներով: Դեպի փողոց ուղղված են երեք բարձակային պատշգամբներ (2,6 մ, 1,2 մ): Փողոցների ճակատները (հարավարևելյան, հարավարևմտյան և հյուսիսարևելյանի մի մասը) մշակված են ժապավենաձև կոպտատաշ քարով, որը 1-ին հարկում խորն է, իսկ 2-րդում՝ թեթև: Գեղարվեստական հորինվածքի լուծման մեջ գերիշխում է հորիզոնական բաժանումը, որը որոշում են եռաստիճան որմնախարիսխը, միջհարկային ձգագոտիները, 2-րդ հարկում՝ որմնախորշեր ունեցող լուսամուտատակի պատը, դենտիկուլների շարքով պսակող քիվը: Հարավարևելյան գլխավոր մուտքն առանձնացված է պատի ուղղաձիգ ջլատմամբ, մուտքի և վերևի պատուհանի կիսաշրջանաձև, կամարակապ բաց­վածքներով, սրանց կոպտատաշ քարերով ու հորիզոնական ձգագոտիով կտրված, բարձրացված, եռանկյունաձև ճակտոնով: Նման ճակտոն կառուցված է հարավարևմտյան լայն, կամարով ավարտվող պատուհանի վրա: Մնացած բացվածքներն ուղղանկյուն են, իսկ պատուհանային շրջանակների միջին ուղղահայացն ունի գալարազարդ խոյակ: Բարձակային պատշգամբներն ունեն մետաղե, ցանցկեն ճաղաշար: Շենքի պատերը կրող են: Դեպի փողոցներ ուղղված ճակատները շարված են սրբատաշ տուֆով, իսկ մնացածները՝ քիչ մշակված քարով: Բակի կողմի ճակատները սվաղված են: Ծածկերը տափակ են, փայտե: Տանիքը թեք է, թիթեղյա: Նախասրահների հատակները խեցե սալիկներից են: Բակի կողմի պատշգամբները փայտից են:      

Այս տանն են ապրել խորհրդահայ պետական և կուսակցական գործիչներ Ա. Շահսուվարյանը, Ֆ. Վարդանյանը և այլք: 1940-ական թթ. տան երկրորդ հարկը զբաղեցրել են ՀԽՍՀ Ժողկոմխորհն ու Կենտգործկոմը: Այստեղ են նկարահանվել «Նվագախմբի տղաները» կինոնկարի (1960 թ.) որոշ դրվագներ։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 3/1