ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԱՌԱՔԵԼ ԱՖՐԻԿՅԱՆԻ


XX դ. սկիզբ,


Պետ. ցուցիչ՝ 1.6.195

Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

Աֆրիկյանների երկհարկ առանձնատունը գտնվում է Պուշկինի փողոցում՝ Տերյան, Կողբացու և Պուշկինի փողոցների միջև ընկած հատվածում, Պուշկինի փողոց, 38 հասցեում: Շենքն ունի Г-աձև հատակագիծ և բաղկացած է երկու մասից:

Առաջինը գլխավոր մասնաշենքն է, երկարությունը փողոցի ուղղությամբ՝ 24,3 մ, լայնությունը պատշգամբի հետ միասին՝ 15,5 մ, լայնությունը՝ 3,0 մ: Մասնաշենքն  ունի ուղղանկյուն հատակագիծ, ներքին տարածությունը բաժանված է երկշարք սկզբունքով: Երկայնակի բաժանումը կատարում են կրող պատերը, լայնականը՝ հիմնականում միջնորմները: Մի սենեկաշարքը դիրքորոշված է դեպի հարավ-արևմուտք (փողոց), ուր նայում են նաև երկրորդ հարկի բարձակային երեք պատշգամբները: Մյուս սենեկաշարքը դիրքորոշված է դեպի ներքին բակ, ուր նայում է նաև սրահը (դահլիճների չափերն են՝ 64,5 քառ. մ, 50,1 քառ. մ, փոքր սենյակներից մեկը 23,1 քառ. մ է, բարձրությունը՝ 5,0 մ): Շինության կողային թևը հիմնական ծավալին հատում է համարյա ուղիղ անկյան տակ և թեքված է բակի կողմը: Մի շարք սենյակներ ունեն երկկողմանի դիրքորոշում, դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևմուտք (փողոց):

Ներսում՝ առաստաղի վրա, պահպանվել են որմնանկարներ: Առաջին նախասրահում երկրաչափական և բուսական զարդաքանդակներով վարդյակն է, երկրորդում՝ երկնքի ու ծաղկի ֆոնի վրա ամուրների պատկերներ են: Երկրորդ հարկի սենյակներից մեկում ևս գունագեղ նկարներ են: Կան հարթ հախճասալիկներով շարված պատի վառարաններ:

Կառուցվածքում քարից միդիս շարվածքով կրող պատերն են: Փողոցի կողմի ճակատում օգտագործված է երևանյան սրբատաշ, սև տուֆը: Ծածկերը հարթ են, փայտից, տանիքը թեք է, մետաղյա: 

1918-1920 թթ.՝ Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին, այս տանն է ապրել Սարդարապատի ճակատամարտի (մայիս, 1918 թ.) ընդհանուր հրամանատար Մովսես Սիլիկյանը, որի վերաբերյալ շենքի պատին տեղադրված է համապատասխան հուշատախտակ: Հենց այս շենքի պատշգամբից էին ճակատամարտի օրերին երևանցիները պարբերաբար տեղեկություններ ստանում Սարդարապատում տիրող իրավիճակի մասին:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Պուշկինի 38-ը ազգայնացվել է, այնուհետև այստեղ գործել են Գավառական կոմիտեն, Երևանի ցուցադրական N 1 դպրոցը: Հետագայում շենքը ծառայել է տարբեր հիմնարկների համար որպես գրասենյակային տարածք: 2017 թ. այստեղ էր տեղակայված Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Պուշկինի փող. 38