ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՋՐԱՆՑՔ ԱԲՈՒ ՀԱՅԱԹ («ԿՅԱՆՔԻԱՌՈՒ»)


Մ.թ.ա. VIII դ. (782 թ.) – XXI դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.5.18

Կառուցող՝ Վանի թագավոր Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-764 թթ.)

Ջրանցքը սկիզբ է առնում Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքից՝ Հրազդան գետի ձախ ափից: Անցնում է ամբողջ քաղաքի տարածքով՝ Քանաքեռ-Զեյթուն թաղամասով, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտով, Արաբկիրի ու «Հաղթանակ» զբոսայգու բարձունքների լանջերով, Մատենադարանին հարող տարածքներով: Հասնելով Գետառ՝ նրա վրայի ջրանցույցով անցնում է ձախափնյա սարալանջը և ջրի հոսքի նվազագույն թեքությամբ իջնում այժմյան Լիոնի այգու (նախկինում՝ Վարդավառի, Կոմերիտմիության, Թոխմախան) արհեստական լիճ:

Ջրանցքն ու արհեստական լիճը կառուցել է Վանի տիրակալ, Էրեբունի-Երևան քաղաքի հիմնադիր Արգիշտի Ա-ն՝ Էրեբունի ամրոցը ջրով ապահովելու ու շրջակա հողերը ոռոգելու նպատակով: Ջրանցքի մասին գրավոր առաջին տեղեկությունները վերաբերում են XVI դ.: XVII դ. պարսկական տիրապետության շրջանում այն երկու անգամ նորոգվել է: Հավանաբար, այդ ժամանակ ջրանցքն արդեն հայտնի է եղել Աբու Հայաթ անունով (ավանդաբար մեկնաբանվել է որպես «կենսաջուր» կամ «կյանքի առու»):

Ըստ ավանդության՝ գեղեցկուհի Աբու Հայաթի ինքնասպանությունից հետո նրա փեսացու Թոխմախ խանն իրեն նետել է այս լիճը: Այդ օրվանից ջրանցքն անվանել են Աբու Հայաթ, իսկ արհեստական լիճը՝ Թոխմախան:

Ցարական տիրապետության շրջանում՝ 1877 թ. մայիսին, ջրանցքի նորոգումն ավարտվել է: Այն լայնացվել է, երկարացվել և հասցվել է մինչև լիճ: Գետառի վրա կառուցվել է քարե կամուրջ, և ջրանցքի ջուրը հոսել է նրա վրայի քարե խողովակներով:

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, նոր ջրանցքների կառուցման հետ մեկտեղ, նորոգվել են նաև հները: 1922-1923 թթ. վերանորոգման ժամանակ Աբու Հայաթը եռակի լայնացվել է, ամրացվել են հենապատերը, կառուցվել է երկաթյա 15 ջրարգելակ: Սարի թաղի մոտակայքում Աբու Հայաթը միացել է Մամռի ջրանցքին: ՔանաքեռՀԷԿ-ի կառուցմամբ (1936 թ.) ջրանցքի սկզբնամասը վերացվել է և փոխարինվել ՀԷԿ-ի ճնշող ավազանից ջուր վերցնող ջրանցքով։

1950-ական թթ. սկզբին մարշալ Բաղրամյան պողոտայով անցնող հատվածը ծածկվել է, և ջուրը, անցնելով 800 մ թունելով, թափվել է լիճ:

1960-ական թթ. շինարարության պատճառով ջրանցքը կրճատվել է, և ներկայումս լիճ չի հասնում:

Ունեցել է մոտ 15 կմ երկարություն: Թողունակությունը 0,2 մ3/վրկ է:

Աբու Հայաթ ջրանցքը հին Երևանի ջրամատակարարման համակարգի հնագույն կառույցներից է և վկայում է Վանի թագավորության շրջանում ջրաշինության զարգացման բարձր մակարդակի մասին: 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Սկսվում է Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքից