ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԱՄՐՈՑ ՁՈՐԱԲԵՐԴ
Մ.թ.ա. II հազ.
Պետ. ցուցիչ՝ 1.3.1
Ամրոցը Քեռու փողոցում է՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր, լեզվականման հրվանդանին՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից մոտ 500 մ արևմուտք՝ խիտ կառուցապատված միջավայրում: Ոչ մեծ բերդշենը միջանկյալ կայան է եղել բրոնզեդարյան Կարմիր բերդ և Ծիծեռնակաբերդ ամրոցների միջև: Հրվանդանի հյուսիսային և հարավային բարձունքների վրա և դրանց միջակայքի գոգավոր իջվածքում բնակատեղին է, որտեղ պահպանվել են պարիսպների ու շինությունների մնացորդներ: Հարավային գագաթին ուղղանկյուն հատակագծով կոթողային կառույց է (20 x 10 մ), որի 2 մ հաստությամբ պատերը շարված են զանգվածեղ որձաքարերից՝ քարահողային լիցքով։
Բերդշենից ներքև՝ Հրազդան գետի ձախ ափին՝ գետի հունից մոտ 80 մ բարձրության վրա «Նոր Արաբկիր-1» («Ձորաբերդ-1») քարայր-կացարանն է (մ․թ․ա․ II հազարամյակ, մ․թ․ XIV-XVII դդ., պետ. ցուցիչ՝ 1.3.1.1): 3 x 4,8 x 3,2 մ չափերով սրահ է` մուտքն արևմուտքից: 1975 թ. հետազոտել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի
արշավախումբը (ղեկավար՝ Բենիկ Երիցյան): Հայտնաբերվել են վանակատե (օբսիդիան) իրեր, ոսկրե հերուն, ավազաքարից պատրաստված կոկիչ, ուշ միջնադարյան կոպիտ ու ջնարակապատ թասերի և երկաթե գործիքի
բեկորներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան