ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՐԱԶԴԱՆԻ ՄԵԾ ԿԱՄՈՒՐՋ - ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ
1956
Կառուցված է Հրազդան գետի վրա՝ նախկինում գոյություն
ունեցած հին կամրջի տեղում։ Քաղաքաշինական կարևոր հանգույց է, որը, լինելով Կիևյան
փողոցի շարունակությունը, քաղաքի կենտրոնը կապում է Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջաններին։ Կառուցվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր
ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ (1950-1959), ԽՍՀՄ Շինարարության և ճարտարապետության
ակադեմիայի թղթակից-անդամ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով: Կոնստրուկտորներն են Ս. Հովնանյանը,
Վ. Փինաջյանը, Ս. Դուրգարյանը, Ն. Սլավինսկին:
Երևանի ինժեներական խոշորագույն կառույցներից
է, երկաթբետոնե կոնստրուկցիաներով իրականացված միաթռիչք հորինվածք, որի երկարությունը
364 մ է, լայնությունը՝ 26 մ, թռիչքի բարձրությունը՝ 58․3 մ։ Անվտանգության նպատակով տեղադրված զանգվածեղ բազրիքները
ձուլված են թուջից։ Նախատեսված է երկկողմ երթևեկության համար:
1981 թ. երթևեկելի մասը վերակառուցվել է,
2005 թ. կատարվել են նորոգման աշխատանքներ։
Կամրջից հոյակապ տեսարան է բացվում դեպի Հրազդանի
կիրճը: