ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
Հայ Առաքելական եկեղեցիներից ամենամեծն է աշխարհում: Նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ 301 թվականին Քրիստոսի ուսմունքը ստացավ պետական կրոնի կարգավիճակ, ինչը հնարավոր դարձավ մեծապես Գրիգոր Լուսավորչի շնորհիվ։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ներկայումս Հայ Առաքելական եկեղեցիներից ամենամեծն է աշխարհում: Այն Երևանի կենտրոնում է: Կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Հայրապետն իր ձեռքով հուշաքար է դրել մայր եկեղեցու կառուցման վայրում: Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն` 1997թ., Սբ. Աստվածածնի ավետման տոնակատարության օրը` ապրիլի 7-ին:
Համալիրը նախագծել է ճարտարապետ Ստեփան Կուրկչյանը: Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1996-ին և ավարտվել 2001-ին: Մայր տաճարի օծման արարողությանը պատվավոր հյուրերից էր Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը:
Գավթում են պահվում 2000 թվականին Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները:
Մայր տաճարը հսկայական համալիր է՝ բաղկացած հիմնական եկեղեցուց (1700 տեղով), Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն մատուռներից (երկուսն էլ 150 տեղով), գավթից ու զանգակատնից: Տրդատ թագավորն ու Աշխեն թագուհին աջակցել են Սուրբ Գրիգորին քրիստոնեությունը Հայաստանում տարածելու գործում:
Եկեղեցու մուտքի մոտ տեղակայված է զանգակատունը (բաղկացած է ավելի քան 30 կամարից) և գավիթը: Համալիրի տակ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարան, հանդեսների և դասախոսությունների համար նախատեսված դահլիճներ, աշխատասենյակներ: Համալիրի ընդհանուր մակերեսը շուրջ 3822 քմ է, բարձրությունը՝ 54 մ:
Մայր տաճարի լայն աստիճանները տանում են դեպի տաճարի մուտք: Աստիճանների ձախ կողմում տեղակայված է հայ ֆիդայի և հրամանատար Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) արձանը, որը կանգնեցվել է այստեղ 2002 թվականին: Այստեղից սկսվում է Երևանի «Օղակաձև զբոսայգին» (հայտնի նաև որպես երիտասարդության զբոսայգի), որը ձգվում է քաղաքի կենտրոնով՝ մոտ 5 կմ։ Այգում կանգնեցված են արձաններ, կան շատրվաններ և ջրավազաններ։
Եկեղեցական համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը: Այսօր այն իր վեհությամբ ու գեղեցկությամբ տեսանելի է Երևանի բազմաթիվ անկյուններից։
Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է Ռիչարդ Ալեքսանդր Մանուկյան և Լուիզա Մանուկյան Սիմոնեի նվիրատվությամբ` ի հիշատակ իրենց հանգուցյալ հոր` Ալեքս Մանուկյանի և նրա կնոջ` Մարի Մանուկյանի: Երկու մատուռների կառուցումն ավարտվել է Նազար և Արտեմիս Նազարյանների և Գևորգ և Լինդա Գևորգյանների նվիրատվությամբ, իսկ զանգակատունը կառուցվել է Էդուարդո Էռնեկյանի նվիրատվությամբ: