ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԵԿԵՂԵՑԻ ԿՈՆԴԻ ՍԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ
1706-1710 թթ․
Պետ․ ցուցիչ՝ 1․6․74
Պատվիրատու՝ երևանցի մեծահարուստ
Մելիք Աղամալ
Պատմական Կոնդ
թաղամասի կենտրոնում է՝ Հովհաննես Կոզեռնի փող., 9 հասցեում։ Կառուցվել է 1679 թ․ մեծ երկրաշարժից կործանված եկեղեցու տեղում: Պատվիրատուն է նշանավոր մեծահարուստ Մելիք Աղամալը, ով ակտիվ գործունեություն է ծավալել Երևանի XVII դ. վերջի-XVIII դ. սկզբի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքում: Նրա տոհմի անդամների հետ են առնչվում շինարարական ձեռնարկումները Սբ. Պողոս-Պետրոս ու Կաթողիկե եկեղեցիներում և, հատկապես, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցումը Կոնդում:
Եկեղեցու հին շենքը երկու զույգ մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմում
ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներով եռանավ բազիլիկ, առանց գմբեթի,
ընդարձակ (24,2 x 16,8 մ) կառույց էր: Երկթեք տանիքի վրա բարձրանում
էր զանգակատան սյունազարդ, փոքր ռոտոնդան:
1863 թ․ եկեղեցու տարածքը պարսպապատվել
է, 15 մ հեռու կառուցվել է դարպաս, որը 5.7 մ բարձրությամբ զույգ մույթերի վրա հենված
կամարակապ կառույց է՝ քիվով, փոքր ճակտոնով ու սերովբեի պատկերաքանդակով:
1973 թ. հայ ազգային
ճարտարապետության մեծ գիտակ Ռաֆայել Իսրայելյանը կազմել է եկեղեցու հիմնական վերակառուցման
նախագիծը, որը սակայն, չի իրագործվել ճարտարապետի մահվան պատճառով: Աշխատանքները վերսկսվել
են 1980-ական թթ. և եկեղեցին հիմնականում վերակառուցվել է (ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան,
ինժեներ-կոնստրուկտոր՝ Ավետիք Թեքնեջյան, շինարար՝ Միքայել Հովհաննիսյան): Որոշ ընդհատումներով
շինաշխատանքները շարունակվել են մինչ 2010-ական թթ.: 1997 թ․ արևմտյան ճակատին կցակառուցել են եռահարկ զանգակատուն: Հանել
են ռոտոնդան, ավելացրել են գմբեթ, բարեկարգել են տարածքը, քանդել են նաև դարպասը` վերաշարելու նպատակով (մինչ օրս մնում է չվերականգնված):
Եկեղեցու դեկորատիվ հարդարանքի տարրերից են մուտքերի ճակատակալ քարերի, լուսամուտների
եզրակալների տարատեսակ քանդակները։ Շինարարական արձանագրությունը
փորագրված է արևելյան ճակատի վերնամասում, խաչ պատկերող չորս քարերի վրա: Ճակատներին ագուցված են բազմաթիվ խաչքարեր, որոնց գերակշիռ մասը
նվիրված է Մելիք Աղամալի ընտանիքի անդամներին. հորը՝ Մելիք Ծատուրին, եղբորը՝ Մելիք
Աղավելին, քրոջը՝ Խանումին, որդուն՝ Մելիք Նազին, դուստրերին՝ Սատաթին, Խանբեկուն և այլոց։ Եկեղեցու հարավային ճակատին՝ քիվի տակ, Աղեքսանդր Ա Ջուղայեցի կաթողիկոսին (աթոռակալել է 1706-1714 թթ.) նվիրված խաչքարն է, ում օրոք էլ կառուցվել է Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցին:
Եկեղեցին կառուցված
է կարմրավուն սրբատաշ տուֆից՝ բազալտե ոչ բարձր հիմնախարսխի վրա։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան