ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԹԵՅՇԵԲԱԻՆԻ (ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ)


Մ.թ.ա. XIII-IX դդ., VII-VI դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.11.22

Հիմնադիր՝ Վանի թագավոր Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645 թթ.)

Քաղաքատեղին Երևանի հարավարևմտյան մասում է` Հրազդան գետի հարավային (ձախափնյա) սարավանդին` Վերին Չարբախի և գործող գերեզմանատան մոտ: Տեղի նախաուրարտական ամրոցը Երևանի տարածքի կարևորագույն բերդշեներից է, որտեղ մարդը բնակվել է դեռևս մ.թ.ա. XIII դ.:

Մ.թ.ա. VII դ. կառուցված բերդաքաղաքն Արգիշտի Ա արքայի որդի Ռուսա Բ-ն (Ք. ա. 685-645  թթ.) անվանել է Թեյշեբաինի՝ ուրարտական պանթեոնի ամպրոպի և ռազմի աստված Թեյշեբայի անունով:

Պեղումները փաստում են, որ Կարմիր բլուրի տարածքում ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի հնագույն բնակատեղին կառուցված է Հրազդանի ձախափնյա, բարձրադիր հրվանդանի վրա, որտեղ կյանքը սկիզբ է առել մ.թ.ա. XIII-XI դդ. և գոյատևել մինչև մ.թ.ա.  IX դ.: Բերդաքաղաքը կառուցվել է Արարատյան դաշտի ուրարտական կենտրոն Էրեբունիին փոխարինելու նպատակով: Կործանել են սկյութները կամ մարերը՝ մ.թ.ա. 630-600 թթ.: Հետագայում՝ աքեմենյան և վաղ հելլենիստական ժամանակաշրջաններում (մ.թ.ա. VI-III դդ.), քաղաքատեղիի տարածքը վերածվել է դամբարանադաշտի (մ.թ.ա. VI դ. վերջ մ.թ. III դ.), որտեղ հայտնաբերված թաղումները հիմնահողային կամ սալարկղային են: Դամբանախցերի կառուցման համար օգտագործվել են նաև ուրարտական շինությունների որմնաքարերը: Հանգուցյալները հիմնականում թաղվել են կծկված` կողքի վրա պառկած, կամ նստած դիրքերով: Միջին դարերում՝ (XII-XIII դդ.) բլրի գագաթին հիմնվել է եկեղեցի՝ դաստակերտով: XVIII դ. մի ձեռագրում Կարմիր բլուրն անվանվում է «Կավակերտ»:


Հուշարձանի պեղումներն սկսվել են 1939 թ. և որոշ ընդմիջումներով շարունակվում են մինչ օրս: Մշակութային շերտերի հզորությունը մոտ 4 մ է: Հայտնաբերվել են տարբեր կավանոթներ ու բեկորներ, բրոնզե և երկաթե զենքեր (նիզակների ծայրակալներ ու դաշույններ), ապարանջաններ, ուլունքներ, գարու մնացորդներ, կովի, այծի, խոզի, ձիու, ավանակի ոսկորներ, դրամներ և այլն: Ուշագրավ է Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամը: Կարմիր բլուր հնավայրը Հայաստանի ամենահայտնի և կարևորագույն հուշարձաններից է: Այն Հայաստանի առաջին ուսումնասիրված՝ ուշ բրոնզ-վաղ երկաթի դարաշրջանների հուշարձանախումբն է, որն ունի առանցքային նշանակություն ուրարտագիտության զարգացման գործում:


Բնակելի թաղամասը (մ.թ.ա. XII-XI, VII-VI դդ., պետ. ցուցիչ՝ 1.11.22.1) տարածվում է միջնաբերդից արևմուտք: Գլխավոր փողոցի (լայնությունը՝ 6 մ) երկու կողմում պեղումներով բացահայտվել են միմյանց կից կամ առանձին կառուցված, մ.թ.ա. VII-VI դդ. թվագրվող բնակելի տներ՝ Նշանավոր ուրարտացու տունը, սեկցիոն տունը, մեգարոնատիպ տունը: Տները եղել են վերգետնյա՝ կառուցված գլաքարերից, քարաբեկորներից` խճի և կավի լիցքով պատրաստված հարթակների վրա: Բաղկացած են եղել մեկ ընդարձակ և 5-6 փոքր սենյակներից: Ծածկի համար օգտագործել են փայտը, եղեգը: Մեծ սենյակներում հայտնաբերվել են օջախներ, ցորենի մեծ հորեր և քարե մարդակերպ կուռքեր: Բացահայտվել են նաև աղքատիկ խրճիթների մնացորդներ, որոնք Վանի թագավորության տիրապետության վերջին շրջանի կառույցներ են, երբ վերնախավը լքել է քաղաքը:


Մ.թ.ա. VII-V դդ. թվագրվող միջնաբերդը (պետ. ցուցիչ՝ 1.11.22.2) հարթ սարահարթի ձորաբերանին է, բլրակին: Պայտաձև հատակագծով, իրար հարող նեղ ու երկար, փոքր և միջին չափերի 40 սենյակից բաղկացած շինություն է, որի ծայրերը միացվել են հզոր պարսպով՝ ստեղծելով բակ: Անկյուններում, ինչպես նաև՝ պաշտպանության համար կարևոր տեղերում կառուցվել են զանգվածեղ, ուղղանկյուն աշտարակներ: Ունեցել է երկու դարպաս. հիմնական (հարավային) և փոքր (հյուսիսարևմտյան): Միջնաբերդի կենտրոնական և մասամբ՝ արևելյան հատվածները երկհարկանի էին: Վերին հարկի չնչին մասն է պահպանվել: Հատակը կազմված է աղյուսի և կավասվաղի հաջորդական մի քանի շերտից, իսկ ստորին հարկի գինու մառաններինը, որտեղ պահվել են 350-1300 լ տարողությամբ կարասներ, ծածկվել է խճով և ավազով, տոփանվել է և վերևից սվաղվել կավով:


 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հովհաննիսյան փող. 92
+37410 432 661