ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ


1963 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.110

Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան

Քանդակագործ՝ Արա Հարությունյան

Նյութ՝ մարմար


Հուշարձանը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46 հասցեում՝ Սայաթ-Նովայի անվան  երաժշտական դպրոցի առջև։ Այն նվիրված է XVIII դարի հայ մեծ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովային (Հարություն Սայադյան, մահ.՝ 1795)։ Սայաթ-Նովան ստեղծագործել է Թիֆլիսում, եղել է Կախեթի թագավոր Հերակլ Բ-ի արքունական երգիչը։ Նա ստեղծագործել է ոչ միայն հայերեն, այլև տարածաշրջանի այլ լեզուներով՝ դառնալով կովկասյան մշակույթների միավորման խորհրդանիշ։ Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից (3 × 3,75 × 0,4 մ):


Հուշարձանը սպիտակ մարմարե քարերով շարված ուղղանկյուն հուշապատ է, որը վերին հատվածի լայն բացվածքով և ստորին հատվածի շարվածքի որոշ քարերի բացակայությամբ կարծես բաժանվում է երկու հավասար մասի: Լայն բացվածքի ձախ կողմում Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, աջում՝ աղբյուրը, որից ջուրը թափվում է հուշապատի առջևի դեկորատիվ, փոքր ջրավազանի մեջ: Հուշաղբյուրի վերին աջակողմյան քարը ծածկված է Սայաթ-Նովայի բանաստեղծությունների մոտիվներով հարդարված հարթաքանդակով, որտեղ պատկերված են ազգային գլխազարդերով կանայք (հայուհի, վրացուհի, ադրբեջանուհի), և վարդեր: Գծերի սահունությունը և ռիթմիկությունը ներդաշնակում են բանաստեղծի քանդակի պլաստիկ ձևերի հետ: Նրա լայն ճակատը, կանոնավոր դիմագծերը, քարի մշակման մաքրությունն ու սպիտակ գույնը բացահայտում են սիրո անմահ երգչի թախծոտ, բայց ոգեշունչ կերպարը:


Սայաթ-Նովայի պատկերը պայմանական է, քանի որ բանաստեղծի իրական նկարը չի պահպանվել։ Դիմաքանդակից ներքև փորագրված են նրա հայտնի տողերը, որոնք կարծես բանալի են հուշաղբյուրի և քանդակի խորհրդանշական համադրությունը հասկանալու համար.

ԱՄԵՆ ՄԱՐԹ ՉԻ՛ ԿԱՆԱ ԽԸՄԻ՝ ԻՄ ՋՈՒՐԸՆ ՈՒՐԻՇ ՋԸՐԵՆ Է:

ԱՄԵՆ ՄԱՐԹ ՉԻ՛ ԿԱՆԱ ԿԱՐԹԱ՝ ԻՄ ԳԻՐԸՆ ՈՒՐԻՇ ԳԸՐԵՆ Է:

ԲՈՒՆԻԱԹԸՍ ԱՎԱԶ ՉԻՄԱՆԱՍ՝ ՔԱՐԱՓ Է, ՔԱՐՈՒԿԸՐԵՆ Է:

ՍԱՅԱԹ -ՆՈՎԱ, 1753

Սայաթ-Նովայի հուշաղբյուրի համար քանդակագործ Արա Հարությունյանը 1964 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալով:


Մաշտոցի պող. 46

ԱՅԼ ՎԱՅՐԵՐ