ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋ


12-րդ դար


Պետ. ցուցիչ՝ 1.6.84

Կարմիր կամուրջը Երևանում՝ Հրազդան գետի վրա գտնվող հնագույն միաթռիչք կամուրջ է, որի պատմությունը հասնում է մինչև 12-րդ դար։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5 մ լայնություն։

Այն կառուցված է կարմիր տուֆից, ինչի շնորհիվ էլ ստացել է «Կարմիր» անվանումը։ Կառուցվածքն ի սկզբանե ունեցել է երեք մեծ կամար, որոնք միացրել են քաղաքի բերդը Արարատյան դաշտին։

Այն նաև հայտնի է որպես Խոջա-Փիլավի կամուրջ՝ քանաքեռցի մեծահարուստ բարերարի պատվին, ով ֆինանսավորել է կամրջի վերանորոգումը։

Կամուրջը ռազմավարական նշանակություն է ունեցել՝ ապահովելով Երևան–Էջմիածին մայրուղու անցումը, կապելով Դալմայի և Սարդարի այգիները։

Վերակառուցվել է 1679 թ. երկրաշարժից հետո, իսկ 1830 թ. իրականացվել է հերթական ամրակայումը։ Ժամանակի ընթացքում կամրջի տարբեր հատվածներ վերանորոգվել են, ինչի հետքերը տեսանելի են որմնաքարերի վրա։ 1980-ականներից Կարմիր կամուրջը այլևս չի շահագործվում։

Կարմիր կամուրջ հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և բարերար Յուրի Աֆրիկյան-ի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հուշարձանը վերականգնվել է 2024–2025 թթ. բարերարի միջոցներով՝ պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը։