ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԵՐԳՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐ
1953, 1970
Երևանի գլխավոր՝ Հանրապետության (նախկինում՝
Լենինի անվան) հրապարակի շատրվաններով մեծ ջրավազանը կառուցվել է 1953 թ.՝ Հայաստանի
պետական պատկերասրահի և պատմության թանգարանի դիմաց՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր
Հարությունյանի հանձնարարությամբ և ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի ու Էդուարդ Սարապյանի
նախագծով:
Գունաձայնային շատրվանները կառուցվել են Երևանի
քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ (նախագահ՝ Գրիգոր Հասրաթյան), Հայաստանում
խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Հեղինակն
է ռադիոտեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Աբրահամյանը, ով
1969 թ. Խարկովից տեղափոխվել էր Երևան և գիտամանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվում
էր նաև մայրաքաղաքի հուշարձանների գեղարվեստական լուսավորության խնդիրներով: Նրա ղեկավարությամբ
աշխատող մասնագիտական խումբը (ճարտարագետներ Յուրի Ղազարյան, Ռոբերտ Միրզոյան, Ալբերտ
Կաժոյան և ուրիշներ) մշակել է գույնի, երաժշտության ու ջրի համադրությամբ «երգող-պարող»
շատրվանների նախագիծը՝ օգտագործելով ռադիոէլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, լուսային տեխնիկայի
բնագավառի այդ ժամանակաշրջանի վերջին գիտական ձեռքբերումները: Մտահղացման հիմքում երաժշտությունն
էր, որով պայմանավորվում էին շատրվանների գույները, ձայնի ուժգնությունը, ջրի շիթերի
բարձրությունը:
«Երգող» շատրվաններն առաջինն էին և աննախադեպ
երևույթ էին ԽՍՀՄ-ում: Եվ պատահական չէ, որ երկրում մեծ էր հետաքրքրությունը դրանց
հանդեպ: Խումբը պատվերներ է ստանում ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, որից հետո շատրվաններ
են կառուցվում Մոսկվայում, Բաթումիում, Սոչիում, Խարկովում և այլուր: Երևանի քաղխորհրդի
որոշմամբ Աբրահամյանի ստեղծագործական խումբը երկրորդ «երգող» շատրվանները կառուցել
է Սուրեն Սպանդարյանի (այժմ՝ Գարեգին Նժդեհի) անվան հրապարակում (մինչև 1975):
1976 թ. «երգող» շատրվանների երևանյան գործող
մոդելը ներկայացվել է Բուենոս-Այրեսի ցուցահանդեսում և արժանացել բարձր գնահատականի:
1978 թ. Աբրահամյանի թիմը ստացել է գիտության և տեխնիկայի բնագավառում ՀԽՍՀ պետական
մրցանակ:
Կառուցումից հետո «երգող» շատրվանները մի քանի
անգամ վերակառուցվել և արդիականացվել են, ընդարձակել են շատրվանների ֆունկցիոնալ հնարավորությունները։
Խորհրդային տարիներին շատրվանները գործել են
ապրիլ ամսից մինչև նոյեմբերի 29-ը` Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը:
Այժմ գործում են ապրիլից մինչև նոյեմբերի սկիզբ: «Երգող» շատրվանների շնորհիվ հրապարակը
միշտ եղել և մնում է մարդաշատ, երևանցիների
և զբոսաշրջիկների ժամանցի սիրելի վայրերից մեկը, որտեղ մինչև ուշ գիշեր կարելի է վայելել
գունավոր լույսերի և ջրի ուղեկցությամբ ընթացող գեղեցիկ ու բազմաժանր երաժշտություն: