ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հավերժացնում է մեծ արվեստագետի հիշատակը, պահպանում և ապագա սերունդներին է փոխանցում նրա երաժշտական հարուստ ժառանգությունը:
Պետ. ցուցիչ՝ 1.6.172
Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Ալթունյան
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին: Այն ստեղծվել է մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ` Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որ 1945 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Կոմպոզիտորը շատ է սիրել երևանյան իր այս տունը: Հայաստանում գտնվելիս այստեղ է իջևանել, ընդունել հյուրերին և ստեղծագործել: Արամ Խաչատրյանի ցանկությունն է եղել, որ իր միակ տուն-թանգարանը բացվի հենց Երևանում:
Առանձնատունը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան) ուներ հինգ ընդարձակ սենյակներ և տնամերձ այգի։ Այն տուն-թանգարանի վերածելու որոշումը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդը կայացրել է 1976 թ. հուլիսի 21-ին՝ Արամ Խաչատրյանի կենդանության օրոք։ Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ տուն-թանգարանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Թանգարանի ներքին բակում Ա. Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի առթիվ (2008) կառուցվել է հուշաղբյուր, որը ճարտարապետներ Ս. Գուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերն է թանգարանին: Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մահից հետո (1978) նրա գործը շարունակել է ճարտարապետ Էդուարդ Ալթունյանը:
Թանգարանը երկհարկանի, նկուղով, ներքին բակով, ատրիումային տիպի շենք է, որի բոլոր մասերը փոխկապակցված են և կազմում են միասնական ճարտարապետական-հատակագծային համակարգ: Առաջին հարկում Հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանն ու աշխատասենյակները: Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար: Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը:
Շենքի ճակատային մասում՝ ամբողջ կառույցի բարձրությամբ կառուցված են կամերտոն հիշեցնող 5 կամարներ: Շենքը կառուցված է Անիի տուֆից, կամարները տրավերտինից են:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1982 թ., իսկ առաջին ցուցադրությունը բացվել է 1984 թ. հունվարի 23-ին։
Թանգարանում պահվում են ավելի քան 18 000 արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործություննների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, փաստավավերագրական նյութեր և այլն: Տուն-թանգարանում գործում է նաև Հայաստանում եզակի և հարուստ հավաքածուով ձայնադարան (հավաքածուն ներառում է մոտ 7 հազար խտասալիկ), որտեղ բացի Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից կարելի է ունկնդրել նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունները աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ:
Տուն-թանգարանի գրադարանում ընդգրկված են կոմպոզիտորի գրեթե բոլոր հրատարակված ստեղծագործությունները, հայերեն և օտարալեզու գրականություն, գիտահետազոտական նյութեր և մենագրություններ, որոնք լուսաբանում են կոմպոզիտորի կյանքի հայտնի և անհայտ էջերը: Տուն-թանգարանը արխիվացնում է նաև հայ և օտարազգի կոմպոզիտորների և երաժիշտների մասին մենագրությունները և նրանց ստեղծագործություններից: