ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱՂԹԱՆԱԿ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄՈՒՏՔԸ - ՀԱՂԹԱԿԱՄԱՐ
1983
Հաղթանակի զբոսայգու հաղթակամարի տեսքով մուտքը հուշահամալիրի վերջին կառույցն է՝ կառուցված նախկին արևմտյան պարսպապատի մեջ: Գտնվում
է Ազատության պողոտայում: Մուտքը կառուցվել է Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, նրա մահից 10 տարի անց՝ 1983
թ.: Ռաֆայել Իսրայելյանը կազմել է էսքիզները, իսկ որդին՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանը, ամբողջացրել է նախագիծը և ղեկավարել շինարարությունը։
Հաղթակամարի ուղղանկյուն հիմքով մույթերն իրար են միանում
քառակամարով և ճակտոնով: Հորինվածքում օգտագործվել են ազգային ճարտարապետության ձևերն
ու զարդարվեստի մոտիվները: Սյուների արևելյան (այգու կողմից) և արևմտյան (դիմային,
պողոտայի կողմից) ճակատները ջլատված են հովհարաձև ավարտ ունեցող եռանկյունաձև խորշերով:
Ճակտոնի դիմային մասում քանդակված են հուշկապարիկներ, նրանց մեջտեղում՝ սուր և արև,
ավելի ներքև՝ առյուծ և վիշապ, բուսական զարդագոտիներ: Արևելյան ճակատին խաղողաքանդակներ
են, արծվաքանդակներ, մուրճ ու մանգաղ, բուսական զարդամոտիվներով հարդարված զարդագոտիներ:
Այս ճակատի վերին աջ կողմում ճարտարապետի անվան և ազգանվան սկզբնատառերն են:
Կառուցված է դարչնագույն տուֆից, քարերը շեղանկյուն են:
Աչքի է ընկնում սլացիկությամբ ու վեհությամբ: