ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
1949
Ճարտարապետներ՝ Ստեփան Սաթունց, Իլյա Սուստերովիչ
Գտնվում է Թբիլիսյան խճուղում:
Կառուցվել է 1949 թվականին։ Գտնվում է բարձր
ցանկապատված տարածքում՝ խիտ ծառապատ միջավայրում։ Շենքը եռահարկ է, իսկ արևելյան ճակատի
կողմից՝ երկհարկ։ Հատակագիծն ունի բարդ կառուցվածք։ Կենտրոնական հատվածը ձգված է (երկարությունը՝
մոտ 50 մ), իսկ աջից և ձախից բութ անկյան տակ կցված են մասնաշենքեր (երկարությունը՝
մոտ 36 մ)։ Ցոկոլային հատվածի բարձրությունը 5 մ է։ Գլխավոր ճակատն ունի երեք մուտք։
Առաջին և երկրորդ հարկերում տեղակայված են արտադրական
սրահները, իսկ երրորդ հարկում՝ վարչական և աշխատանքային սենյակները։
Շենքի ճակատները ձևավորված են բարձր գեղարվեստական
ճաշակով․ դրանցում
կիրառված են որմնակամարներ, որմնասյուներ, խորշեր և դեկորատիվ ծաղկային զարդանախշեր։
Բաց գույնի տուֆի և բազալտի համադրությունը շենքին հաղորդում է հանդիսավոր տեսք։ Մուտքերի
դռների ձևավորման մեջ օգտագործվել են փորագրված փայտ և կոփածո երկաթ։
Մոնումենտալ ձևերը և լակոնիկ ծավալները զուտ
արտադրական նշանակության շենքը վերածում են յուրահատուկ ճարտարապետական ստեղծագործության,
որը արտադրական այլ կառույցներից առանձնանում է մանրամասների նուրբ մշակմամբ։ Որպես
շինանյութ օգտագործվել են բազալտը, տուֆը, ապակին և երկաթբետոնը։
Շամպայն գինիների գործարանի շենքը Երևանում
միակ կառույցն է, որը նախագծել է ճարտարապետ Ստեփան Սաթունցը։ Այն իր հորինվածքով կրում
է միջնադարյան հայկական ճարտարապետության ավանդույթներն ու ոգին։
Շենքը բարձր ճարտարապետական արժեք ներկայացնող
կառույց է և իր ոճով մոնումենտալ կլասիցիզմի բնորոշ օրինակ։