ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՆԸ


1870-ական թթ.


Պետ. ցուցիչ` 1.6.178.4.10

Տունը գտնվում է Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում:

Այն պատկանել է բնիկ երևանցի վաճառական Գրիգոր Ամիրյանին, որը զբաղվում էր մանուֆակտուրային մեծածախ ապրանքների առևտրով։ Ամիրյանը 3 տան, 2 այգու և քարավանատան մի մասի տեր էր։ Նրան է պատկանել առևտրական խոշոր տներից մեկը։ Եղել է քաղաքային դումայի ձայնավոր (1884 թվականից)։

1884–1888 թթ. շենքը վարձակալել է Երևանի քաղաքային հասարակական վարչությունը։ 1898 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1907 թ. դեկտեմբերը, այսինքն՝ մինչև Տաճարի (այժմ՝ Շահումյան) հրապարակում վարչական շենքի կառուցումը, այս տանն էր տեղակայված քաղաքային խորհուրդը (դուման)։

Ըստ 1900 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ տունը պատկանում էր Աննա Աղամալովնա Ամիրյան-Եղիազարյանին, որը Գրիգոր Ամիրյանի կինն էր և տունը ստացել էր որպես ժառանգություն։ 1906 թ. նա տունը վաճառել է Գաբրիելյան եղբայրներին, որոնք հետագայում այն վաճառել են Գևորգ Ամիրյանին։

1910–1911 թթ. տանը տեղակայվել է ակնաբուժական հիվանդանոցը, իսկ 1911–1915 թթ.՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի հայտնի մասնավոր հիվանդանոցը։

Ըստ 1911 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ շենքը երկհարկ էր՝ նկուղով, հողածածկ տանիքով, կառուցված տուֆից։ Առաջին հարկի հատակը հողից էր, երկրորդ հարկինը՝ փայտից։ Առաստաղը սվաղված էր, նկուղը՝ թաղակապ։ Գլխավոր մասնաշենքում կար մեկ բնակարան, սենյակների թիվը 12 էր (առանց նախասենյակների ու խոհանոցների), նկուղներինը՝ 5։ Բակում կային ծածկ և ցախատուն։

1923 թ. օգոստոսին տունն ազգայնացվել է։ Ըստ շենքի գլխավոր ճակատին փակցված հուշատախտակի՝ 1928 թ. այս տանն է իջևանել ռուս գրող Մաքսիմ Գորկին։ Գրողն այստեղ անցկացրել է մեկ գիշեր՝ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը։

Շենքում շուրջ 71 տարի (1937–2008) գործել է ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Կարապետյանի անունը կրող Երկրաբանության թանգարանը։ Գիտնականն ապրել է այս տանը։

Շենքը մի քանի անգամ ենթարկվել է վերակառուցումների։ Սկզբում այն եղել է միահարկ՝ կառուցված տուֆից և թրծած աղյուսից, հողածածկ տանիքով ու փայտե հատակով։ 1909 թ. վերակառուցվել է, ավելացվել է երկրորդ հարկը, որից հետո սենյակների թիվը 6-ից հասել է 12-ի։ Հետագայում հանվել են երկրորդ հարկի միջնորմները, և մի քանի սենյակներ միավորվել են մեկ ցուցադրական դահլիճի մեջ։

Գրիգոր Ամիրյանի առաջին տունը երկհարկ է՝ նկուղներով։ Ուղղանկյանը ներգծված հիմնական սենյակները դասավորված են երկու շարքով։ Մասնաշենքի հարավարևելյան կողմում գտնվում է երկրորդ շինությունը, որն առաջինի հետ կապված է սանդղավանդակով։ Կենտրոնական մուտքը Աբովյան փողոցից է։ Երկու այլ մուտքեր կան Պուշկինի փողոցից։

Կառուցվածքային համակարգում կրող քարե պատեր են՝ շարված միդիս եղանակով։ Ճակատները սվաղված են։ Ծածկերը հարթ են՝ փայտե հեծաններով։ Նկուղներն ունեն քարե թաղեր։ Տանիքը թեք է՝ թիթեղապատ։

Շենքի պատմությունը XIX դարի վերջի և XX դարի Երևանի պատմության անբաժանելի մասն է։


Աբովյան փող. 10