ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԲՈՒԺԱՐԱՆ


1914-1917


Պետ. ցուցիչ` 1.6.178.4.3
Ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան

Նախկինում՝ ԱՕԿՍ-Ի ՇԵՆՔ

Գտնվում է Աբովյան փողոցում:

Երևանում մշտապես գործող մասնավոր վիրաբուժարանի ղեկավար բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը 1915 թ. հողատարածքը ձեռք է բերել Հուսեին բեկ Միրզաբեկովից։ Երկհարկ շենքը կառուցված է տուֆից և ծածկված է թիթեղյա տանիքով։ Գլխավոր մասնաշենքում տեղակայված էր 2 բնակարան։ Բակի կողմից առկա էին նկուղ և 9 սենյակ՝ յուրաքանչյուր հարկում։ Շենքը հիշատակվել է նաև որպես զինվորական հիվանդանոց։

Մինչև 1923 թ. շենքի առաջին հարկում գործել է Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը՝ 10 մահճակալով։ Գործել են երկու բաժանմունք՝ վիրաբուժական և ակնաբուժական։ Երկրորդ հարկում բնակվել է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը։

1923 թ. շենքը պետականացվել է։ Այնուհետև 1923–1944 թթ. այստեղ տեղակայվել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը, որը հայտնի էր նաև որպես «Մալարիայի հիվանդանոց»։ 1944 թվականից շենքում գործել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)։ 1960-ականներին այստեղ տեղակայվել է նաև Հայկական ԽՍՀ Արտաքին գործերի նախարարության գրասենյակը։

1950-ական թվականներին շենքի հետնամասում կառուցվել է կցակառույց։ 1990 թ. ԱՕԿՍ-ի շենքը վերանորոգվել է, իսկ 2001 թ.՝ սեփականաշնորհվել։ 2011 թ. կցակառույցը օտարվել է, և 2012 թ. քանդվել՝ դրա տեղում կառուցվել է «Իբիս Երևան» հյուրանոցը։ 1996 թվականից շենքի մի մասում գործել է «Թիֆլիս» սրճարանը։

Շենքը երկհարկ է՝ նկուղով և ունի հատակագծային բարդ կառուցվածք՝ պայմանավորված տեղադրությամբ։ Հիմնական մասնաշենքը փոքր-ինչ ներս է ընկած (ճակատի ընդհանուր երկարությունը փողոցի ուղղությամբ 26 մ է, լայնությունը՝ առանց պատշգամբների՝ 18 մ)։ Սրան հատում են երկու կողաթևերը (ռիզոլիտները)։

Աջ կողաթևում, շենքի լայնական առանցքով, տեղադրված են նախասրահը և սանդղավանդակը։ Առաջինը ներքևի հարկում կապված է լայնական միջանցքի հետ, որը միացնում է սենյակների երկու շարքը։

Վերին հարկում սենյակների շարքը ուղղված է դեպի հարավ-արևելք (փողոց), սենյակների մակերեսներն են՝ 53 քմ և 38,7 քմ, առաստաղի բարձրությունը՝ 4,6 մ։ Դեպի հարավ-արևելք են ուղղված նաև երեք կոնսոլային պատշգամբները։

Սենյակների երկրորդ շարքը ուղղված է դեպի հյուսիս-արևմուտք (ներքին բակային տարածություն)։ Սենյակները ունեն ուղղանկյուն հատակագիծ և կապվում են բակի կողմի պատշգամբների հետ։ Հիմնական ծավալին կից, անկանոն անկյան տակ՝ նրբանցքի ուղղությամբ, կառուցված են օժանդակ սենյակներ։

Շենքի դռների և պատուհանների բացվածքների ճարտարապետական-գեղարվեստական մշակումը յուրօրինակ է։ Հարկերի բացվածքները ձևավորված են ուղղանկյուն և պայտաձև կամարների համադրությամբ։ Կողմերում դրանք ընդգծված են հոնիական սյուներով, իսկ բարավորները՝ փականաքարերով և գնդիկավոր զարդաքանդակներով։

Ճակատների գեղարվեստական հարդարանքն են կազմում ծեփապատ, ցանցկեն քարե զարդաքանդակներով պանելները, միջհարկային գոտու կրկնվող հյուսքը և այլ դեկորատիվ տարրեր։ Կառուցվածքային համակարգում օգտագործված են տուֆից միդիս շարվածքով կրող պատեր։ Փողոցի կողմի ճակատները շարված են երևանյան սրբատաշ սև տուֆից։ Ծածկերը հարթ են՝ փայտե հեծաններով։ Տանիքը բազմաթեք է՝ երկու գմբեթային տարրերով։ Պատշգամբները քարից են, բակայինները՝ փայտից։ Նախասրահի հատակը խճանկարային է։


Աբովյան փող. 3