ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ
1937
Պետ. ցուցիչ՝ 1.6.178.2
Ճարտարապետներ՝ Գևորգ Քոչար, Միքայել Մազմանյան,
Հովհաննես Մարգարյան, Արսեն Ահարոնյան
Նախկինում`
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ
Գտնվում
է Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում: Շինարարությունը սկսվել է 1935 թ., շահագործման
է հանձնվել 1937 թ. հունվարին: Շենքը եռահարկ է: Անկյունային մասում տեղադրված է բաց
սյունասրահով շեշտված գլխավոր մուտքը: Մուտքեր են բացված նաև կողային ճակատներում:
Սյունասրահի վրա տեղադրված է խորանարդաձև խոյակներ ունեցող սյուներով բարձր ծավալը:
Փողոցների ուղղությամբ ձգվող կողային ճակատները լուծված են որմնասյուներով և պատուհանների
մեծ բացվածքներով:
Ներքին
տարածությունն ունի հստակ հատակագծային լուծում. երեք հարկերում տեղադրված են ընդարձակ,
բարձր առաստաղներով սյունազարդ դահլիճներ, որոնք միջնամասում միավորվում են միջանցքներով:
Շենքի պարագծով ձգվում է ատամնաշարով մշակված քիվը:
Շենքի
առաջին հարկում՝ Աբովյան փողոցի կողմից եղել է մթերային խանութ (գաստրոնոմ):
Որպես
շինանյութ օգտագործվել են սրբատաշ գորշ բազալտը, մարմարը, ապակին:
Մինչև
1980-ական թթ. եղել է քաղաքի կենտրոնական հանրախանութը: 1980-ականների ընդլայնումից
հետո գործել է որպես «Մանկական աշխարհ» հանրախանութ (նախագծի հեղինակ՝ Օլեգ Շոկարև,
«Երևաննախագիծ» ինստիտուտ):
Շենքը
երկու անգամ հրդեհվել է՝ 1956 թ. և 1995 թ.:
2002-2003
թթ. «Հայնախագիծ» ինստիտուտում կազմվել է նոր նախագիծ, որով Աբովյան և Արամի փողոցների
ճակատները վերակառուցվել են: Աշխատանքը մնացել է անավարտ:
«Մանկական
աշխարհ» հանրախանութի շենքը ճարտարապետական առումով Երևանի ամենահետաքրքիր կառույցներից
է, որտեղ հստակ արտացոլված են ֆունկցիոնալիզմի ուշ շրջանի (1930-ական թթ.) հիմնական
միտումները, երբ ֆունկցիոնալիզմի տարրերը համատեղվում են ազգային ձևերի հետ: