ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ


1937


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.2

Ճարտարապետներ՝ Գևորգ Քոչար, Միքայել Մազմանյան,

Հովհաննես Մարգարյան, Արսեն Ահարոնյան

 

Նախկինում` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ

 

Գտնվում է Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում: Շինարարությունը սկսվել է 1935 թ., շահագործման է հանձնվել 1937 թ. հունվարին: Շենքը եռահարկ է: Անկյունային մասում տեղադրված է բաց սյունասրահով շեշտված գլխավոր մուտքը: Մուտքեր են բացված նաև կողային ճակատներում: Սյունասրահի վրա տեղադրված է խորանարդաձև խոյակներ ունեցող սյուներով բարձր ծավալը: Փողոցների ուղղությամբ ձգվող կողային ճակատները լուծված են որմնասյուներով և պատուհանների մեծ բացվածքներով:

Ներքին տարածությունն ունի հստակ հատակագծային լուծում. երեք հարկերում տեղադրված են ընդարձակ, բարձր առաստաղներով սյունազարդ դահլիճներ, որոնք միջնամասում միավորվում են միջանցքներով: Շենքի պարագծով ձգվում է ատամնաշարով մշակված քիվը:

Շենքի առաջին հարկում՝ Աբովյան փողոցի կողմից եղել է մթերային խանութ (գաստրոնոմ):

Որպես շինանյութ օգտագործվել են սրբատաշ գորշ բազալտը, մարմարը, ապակին:

Մինչև 1980-ական թթ. եղել է քաղաքի կենտրոնական հանրախանութը: 1980-ականների ընդլայնումից հետո գործել է որպես «Մանկական աշխարհ» հանրախանութ (նախագծի հեղինակ՝ Օլեգ Շոկարև, «Երևաննախագիծ» ինստիտուտ): 

Շենքը երկու անգամ հրդեհվել է՝ 1956 թ. և 1995 թ.:

2002-2003 թթ. «Հայնախագիծ» ինստիտուտում կազմվել է նոր նախագիծ, որով Աբովյան և Արամի փողոցների ճակատները վերակառուցվել են: Աշխատանքը մնացել է անավարտ:

«Մանկական աշխարհ» հանրախանութի շենքը ճարտարապետական առումով Երևանի ամենահետաքրքիր կառույցներից է, որտեղ հստակ արտացոլված են ֆունկցիոնալիզմի ուշ շրջանի (1930-ական թթ.) հիմնական միտումները, երբ ֆունկցիոնալիզմի տարրերը համատեղվում են ազգային ձևերի հետ:


Արամի փող. 32