ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ
1950 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.158
Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան,
Պատվիրատու՝ ՀԽՍՀ Առևտրի մինիստրություն
Շինարարական կազմակերպությունը՝ «Երևանշին» տրեստ
Սառցակոմբինատը գտնվում է Արշակունյաց պողոտայի և Սևանի փողոցի հատման մասում՝ Արշակունյաց պողոտա 9 հասցեում:
Շենքը ներքին բակի շուրջ համախմբված, չորս առանձին, տաք անցումներով իրար հետ հաղորդակցվող ծավալներից կազմված համալիր է: Գլխավոր մասնաշենքը խուլ, ամփոփ ծավալ է՝ գլխավոր ճակատով ուղղված դեպի Արշակունյաց պողոտա: Ճակատային հարթությունը հարդարված է հինգ կամարակապ, խոյակազարդ որմնասյուներով և կամարաշարում քանդակված վարդյակներով: Կամարաշարից վեր կիսաշրջանաձև, քանդակազարդ վերնամասով նեղ պատուհաններ են: Հարդարանքն ամբողջացնում է նուրբ, զարդանախշ քիվը՝ ճակատին տալով որոշակի արտահայտչականություն:
Հատակագծային լուծումները թելադրված են կառույցի
տեխնոլոգիական նշանակությամբ: Կառուցված է վարդագույն, սրբատաշ տուֆից, միդիս
շարվածքով: Օգտագործված է երկաթբետոնե կոնստրուկցիա: Որմնախարիսխը գորշ, կոպտատաշ
բազալտից է:
Սառցակոմբինատի շենքը խորհրդային Երևանի արդյունաբերական հետաքրքիր կառույցներից է: Աչքի է ընկնում ճարտարապետական լուծումների գեղարվեստական բարձր մակարդակով, պատերի տեկտոնիկ լուծման հետաքրքիր ձևերով:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան