ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԾԱԾԿԱԾ ՇՈՒԿԱ (ՓԱԿ ՇՈՒԿԱ)
1952
Պետ. ցուցիչ՝ 1.6.152
Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան
Կոնստրուկտոր՝ Հ. Առաքելյան
Գտնվում
է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում: Կառուցվել է 1952 թ., ՀԽՍՀ առևտրի նախարարության պատվերով:
Շուկայի
շենքը (մինչև վերանորոգումը) եռաստիճան սրահ է՝ ընդգծված կենտրոնական նավով: 70 մ երկարությամբ
և 32 մ լայնությամբ գլխավոր սրահը ծածկված է 19 երկաթբետոնե թաղակիր կամարներով, որոնք
հաջորդում են միմյանց յուրաքանչյուր 4 մ-ը մեկ: Կամարները գեղարվեստական լուծում են
ստացել ռիթմիկ փոքրացող կամարիկների օգնությամբ, որոնք կառուցվածքին տալիս են թեթևություն
և հարստացնում են ներքին տարածությունը: Կողային նավերը երկհարկ են, ուր տանում են
լայն աստիճանները: Գլխավոր ճակատը լուծված է հզոր կամարակապ մուտքով, որը ձևավորված
է մետաղական վիտրաժով, շարժական դռնով և ազգային զարդամոտիվներով:
Շուկայի
ներսում եղել է փոքրիկ շատրվանով ջրավազան, որտեղ մետաղադրամ գցելու ավանդույթ կար:
Զբաղեցրած
տարածքը 2300 մ2 է: Կառուցված է երկաթբետոնից և տուֆից: 2012-2013 թթ. հիմնանորոգվել
է, ներսը՝ վերափոխվել: 2014 թվականից գործում է իբրև «Երևան սիթի» առևտրի կենտրոն: