ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
1916, 1933
Պետ. ցուցիչ՝ 1.6.94.4
Ճարտարապետներ՝ Պավել Զուրաբյան, Ալեքսանդր Թամանյան
Հիվանդանոցը
գտնվում է Աբովյան պուրակի հարևանությամբ:
1893
թ. Երևանի քաղաքային դումայի որոշմամբ Բեհբութովի (նախկին՝ Սվերդլովի, այժմ՝ Փ. Բուզանդի)
փողոցում գտնվող ամբուլատորիային կից ստեղծվում է 12 մահճակալով ստացիոնար բաժանմունք,
որի ծախսերը հոգում էր քաղաքային դուման: Հիվանդանոցի շենքը փոքր էր (չի պահպանվել)
և չէր բավարարում քաղաքի բնակչության առողջապահական պահանջները: Ուստի իշխանությունները
վարձակալում են մոտակայքում գտնվող մասնավոր տներ՝ միաժամանակ սկսելով նոր շենքի կառուցման
գործընթացը:
1908
թ. քաղաքային վարչությունը մամուլում տեղեկություն է հրապարակում այն մասին, որ հիվանդանոց
կառուցելու նպատակով իշխանությունները մտադիր են ձեռք բերել հողատարածք, և հայտարարվում
է հիվանդանոցի նոր շենքի նախագծի մրցույթ:
Հայտնի
գործարար Վասիլի Շուստովը Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում, Գետառի ափամերձ հատվածում
ունեցած սեփական հողատարածքն անհատույց նվիրում է քաղաքին: Հիվանդանոցը շուտափույթ
կառուցելու նպատակով անվանի գործարարը պայմանադրում է շենքը կառուցել 3 տարվա ընթացքում,
այլապես հողատարածքը պետք է հետ վերադարձվեր:
1914
թ. տեղի է ունենում առաջին մասնաշենքի հիմնարկեքը։ Առաջին աշխարհամարտի տարիներին նախատեսված
վեց մասնաշենքերից կառուցվում է միայն մեկը։ 1917 թ., երբ երկհարկանի, սյունազարդ,
սև տուֆից կառույցը պատրաստ էր շահագործման, այն վերածվում է Կովկասյան ռազմաճակատի
զինվորական հոսպիտալի:
1919
թ. Թիֆլիսից Երևան է տեղափոխվում հայտնի բժիշկ Գրիգոր Արեշյանը։ Նրա գործուն մասնակցությամբ
նույն թվականին պաշտոնապես բացվում է Երևանի քաղաքային առաջին հիվանդանոցը։
1920–1930-ական
թվականներին առաջին հիվանդանոցի մերձակայքում կառուցվում են բժշկական այլ հաստատություններ,
որոնք նախատեսված էին Երևանի 1924 թ. գլխավոր հատակագծով (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան)։
1933 թ. առաջին մասնաշենքը վերակառուցվում է․ դրա վրա
ավելացվում է երրորդ հարկ։ Ստեղծվում է հիվանդանոցային շենքերի համալիր՝ որպես կենտրոն
ունենալով սև տուֆից կառուցված առաջին մասնաշենքը։
2002
թ. քաղաքային հիվանդանոցն ընդգրկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական
համալսարանի (նախկին՝ Բժշկական ինստիտուտ) կազմում, ինչը հնարավորություն է տալիս համադրելու
ուսումնական և պրակտիկ բժշկության դասընթացները։
2015
թ. իրականացվում են վերականգնման աշխատանքներ։
Եռահարկ
(ներառյալ բարձր ցոկոլը) շենքը հատակագծում ունի ասիմետրիկ H տառի տեսք՝ կողային մասնաշենքերով։
Կենտրոնական մասնաշենքում առանձնանում է դորիական օրդերի չորս սյուներից կազմված շքամուտքը,
որը միաժամանակ հիվանդանոցի գլխավոր մուտքն է։