ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1927


Պետցուցիչ՝ 1652

Ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան


Գտնվում է Նալբանդյան փողոցում։ Խորհրդահայ բնակելի ճարտարապետության առաջին շինություններից է։ 1927-1936 թթ. այս տանն ապրել է հայ մեծանուն գրող, բանասեր, թարգմանիչ Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թադևոսյան, 1899-1937):

Տունը միահարկ էր՝ բաղկացած չորս բնակարանից: Տան գլխավոր ճակատը ծեփապատ էր, որի վրա առանձնանում էին սև տուֆից ճարտարապետական տարրերը` քիվը և անկյուններում տեղադրված ուղղաձիգ, ռիթմիկ կրկնվող կվադրերը: 1939 թ., պահպանելով գլխավոր ճակատի լուծումը, կառուցվել է շենքի երկրորդ հարկը, ավելի ուշ՝ երրորդը:

Առաջին հարկում այժմ գտնվում են խանութներ։

1970 թ. շենքի մոտ տեղադրվել է Ակսել Բակունցին նվիրված գեղաքանդակ հուշակոթող (նարնջագույն տուֆ, ճարտարապետ՝ Օլեգ Շոկարև, քանդակագործ՝ Էդուարդ Աղայան), որի ստորին մասում փորագրված է

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՅՍ ՏԱՆԸ ԲԱԲԱԽԵԼ Է ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՍԻՐՏԸ. ԼՍՈՒՄ ԵՍ՝ ԾԻՐԱՆԻ ՓՈՂՆ Է ՄՈՐՄՈՔՈՒՄ, ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿՆ Է ԲՈՒՐՈՒՄ, ԵՎ ԾԵՐ ՄՈՒՐՈՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՏՄՈՒՄ ԱԿԱՆՋ ԴԻՐ, ԱՆՑՈՐԴ»։

Շենքի պա­տին ամրացված է նաև Բակունցին նվիրված հուշատախտակ։


Նալբանդյան փող. 96