ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
1925-1927
Գտնվում
է Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։ Բնակելի տան կենտրոնական հատվածը
եռահարկ է, իսկ կողային թևերը՝ երկհարկանի։ Ունի կիսանկուղային հարկ։ Շինությանն արտահայտչականություն
են հաղորդում գոգավորությունը, կենտրոնական մասի մուտքերի աստիճանավանդակները, կողային
հատվածների բաց պատշգամբները և նախնական սպիտակ արտաքին գույնը (այժմ՝ վարդագույն)։
Կյանքի
վերջին տարիներին շենքի եռահարկ հատվածի երկրորդ հարկում ապրել է մեծանուն երգահան,
խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երաժշտության
դասական Ալեքսանդր Սպենդիարյանը (1871–1928)։
1967
թ․ նոյեմբերի 25-ին շենքում բացվել
է տուն-թանգարան։ Ցուցադրությունը ներկայացնում է Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործությունը,
ինչպես նաև նրա կապերը հայ գրականության և արվեստի գործիչների, հայազգի աշխարհահռչակ
ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, ռուս գրող Մաքսիմ Գորկու, ինչպես նաև երգահաններ
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Ալեքսանդր Գլազունովի և Անատոլի Լյադովի հետ։
Այստեղ
ցուցադրված են նրա ջութակը, խմբավարական փայտիկը, ստեղծագործությունների ձեռագրերը,
լուսանկարները, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման մասին փաստաթղթերը և բազմաթիվ
անձնական իրեր։
Մշտական
ցուցադրությունը ներառում է նաև իր տեսակի և հնչողության մեջ աշխարհում միակ «Սպենդիարոֆոն»
երաժշտական գործիքը, որը Սպենդիարյանի մտահղացմամբ ստեղծվել է 1905 թ․՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործության համար։
Շենքի
պատին ամրացված է Ալ․ Սպենդիարյանին
նվիրված հուշատախտակ (ճարտարապետ՝ Օլեգ Շոկարև), իսկ շենքի դիմաց տեղադրված է գրանիտե
հուշակոթող (1979, ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան, քանդակագործ՝ Դավիթ Բաբայան (Երևանցի)։