ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ
1926
Պետ. ցուցիչ՝ 1.6.6
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Շենքը
գտնվում է Աբովյան և Տերյան փողոցների միջև՝ Վիկտոր Համբարձումյանի անվան պուրակում։
Կրում է աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը։ Նախագծվել է
1921 թ.։
Երևանի
առաջին գլխավոր հատակագծով (1924) ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախատեսված
Ուսանողական թաղամասի հորինվածքային կենտրոնն է։ Շենքը ծառայել է որպես Երևանի պետական
համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնի ուսումնական բազա։ Այստեղ տեղակայված էր նաև ԽՍՀՄ
արհեստական արբանյակների Երևանի դիտման կայանը (հիմնադրվել է 1957 թ.)։
Կառույցի
հորինվածքը կազմված է միմյանց հետ համակցված ուղղանկյուն երկհարկանի և գլանաձև ծավալներից՝
շարժական գմբեթով։ Շենքը քարակերտ է։ Որպես շինանյութ օգտագործվել են Արթիկի սրբատաշ
տուֆը և կոպտատաշ բազալտը։
Աստղադիտարանը
Ալեքսանդր Թամանյանի՝ Հայաստանում իրականացված ուշագրավ գործերից մեկը՝ կառուցված դասական
ճարտարապետության ավանդույթներով և առանձնացող հստակ ծավալատարածական լուծումներով։