ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
Աղի լիճ
Աղի լիճը գոյացել է 1970–ականների վերջին՝ մոտակայքում գտնվող գիպսի կոմբինատի աշխատանքների արդյունքում։ Այստեղ և՛ լողում են, և՛ աղի ջրի շնորհիվ որոշ հիվանդություններ բուժում։
Աղի
լիճը գտնվում է «Գաջի գործարան»-ի հետնամասում: Անվանումից կարելի է գուշակել, որ ջրամբարում
ահռելի քանակությամբ աղ կա։ Այն ունի երկու ավազան, որից փոքրն ավելի աղի է:
Աղի
լիճը հայտնի է իր բուժիչ հատկությամբ: Լճի ջրի աղայնությունը մոտ 13% է, ինչի շնորհիվ
այստեղ լողալը շատ հեշտ է:
Մեծ
Աղի լճի միակ ելքը հարավ-արևմտյան անկյունից է, որտեղից ջուրն անընդհատ դուրս
է հոսում` ապահովելով ջրի մաքրությունը:
Փոքր
Աղի լիճը կամ նախկին «Պառավների գյոլը» մեծ Աղի լճից մի
քանի քայլ հյուսիս-արևմուտք է: Նրա առանձնահատկությունն աղայնության բարձր աստիճանն
է` ավելի քան 25%:
Աղի
լճի բուժիչ հատկություններից առաջնայինը հոդացավերի բուժումն է, նյարդային համակարգի
հանգստացումն ու ամրապնդումը, մաշկային հիվանդությունների բուժումը: Ջրում կան սուլֆիդային
և կալցիումային աղեր, փոքր քանակության ծծմբաջրածին, որը հակաբորբոքային ազդեցություն
ունի և կերակրի աղի հետ ջրին օժտում է կրկնակի բուժիչ հատկությամբ:
Մեծ
լճի արևելյան և հյուսիսային ափերը շրջափակող փարթամ եղեգները լճին տալիս են գեղատեսիլ
տեսք, իսկ ջրի մեջ թափված նրանց տերևներն իջնելով լճի հատակը, քայքայվելով խառնվում
են բուժիչ բաղադրիչներով հագեցած ջրին, վերածվում՝ սև, թանձր տիղմի ու նստում լճի հատակին,
որը ցեխաբուժությամբ հետաքրքրվողներն օգտագործում են բուժման նպատակով:
Ավազանի
մոտ է գտնվում «աղի ջրվեժը», որը խողովակից ցայտող
ջրի շիթ է։ 3 մետր բարձրությունից ջրվեժի պես ներքև գահավիժող այս մաքուր ու
սառը ջրով այցելուները մաքրաջրվում կամ ամառային շոգից հովանում են՝ ստանալով կոնտրաստային
ջրային կոփում: