ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր։
Թիֆլիսից
Երևան տեղափոխվելուց հետո մինչև կյանքի վերջ
Պլեխանովի 5, այժմ Մաշտոցի 45ա հասցեում գտնվող այս տանը ապրել և ստեղծագործել է արվեստագետ
զույգը՝ գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանը՝ Ջոտտոն, և իր կինը՝ նկարչուհի, բանաստեղծուհի
Դիանա Ուկլեբան:
Գևորգ
Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է ծննդավայր Թիֆլիսում: 1920-ականների
վերջը և 1930-ականների սկիզբը նկարչի ստեղծագործական վերելքի տարիներն էին, երբ նա ակտիվորեն մասնակցում
էր Թիֆլիսի մշակութային կյանքին, հայ և վրացի
նկարիչների ցուցահանդեսներին: Դրանց հաջորդել
է նկարչի կյանքի ծանր շրջանը. արվեստի աշխարհում մերժված լինելու ու մեկուսացման երկու
տասնամյակ ձգվող տարիներ, որոնց ընթացքում արվեստագետը համառորեն շարունակել է ստեղծագործել:
1950-ական թվականներին նրա արվեստը սկսեց նորովի ընկալվել ու վերարժևորվել, իսկ
60-ական թվականները նշանավորվեցին կարևոր փոփոխություններով:
1962
թ. նկարիչը իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կնոջ հետ հաստատվում է Երևանում, որտեղ էլ մինչև
կյանքի վերջը մեծ խանդավառությամբ շարունակում է ստեղծագործել՝ հարստացնելով իր արվեստը
նոր թեմաներով ու արտահայտչամիջոցներով:
Նկարչի մահից մեկ տարի անց՝ 1977թ., Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ արվեստանոցը ստանում է թանգարանի կարգավիճակ: 1987 թվականին շենքի վերակառուցումից հետո ցուցասրահներն ընդարձակվում են, թանգարանին հատկացվում է երկրորդ հարկը, և այն դառնում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանում ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր:
2023 թվականի վերանորոգումից հետո ցուցասրահներից մեկն անվանակոչվել
է Դիանա Ուկլեբայի պատվին. այստեղ ցուցադրված են նկարչուհու գեղանկար աշխատանքները, արվեստագետ
զույգի գրքերի հարուստ հավաքածուն,
որը ծառայում է նաև որպես գրադարան այցելուների համար:
Թանգարանում
իրականացվում են էքսկուրսիաներ, կրթական ծրագրեր, դասախոսություններ, տարբեր մշակութային
միջոցառումներ, կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից կիրակի՝ 11:00-18:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ - 1000 դրամ
Դպրոցական, ուսանող, թոշակառու - 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն/օտար լեզուներ – 3000 դրամ