ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2004


Քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան


Անգլիացի նշանավոր բանաստեղծ, լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի (1788-1824) հուշարձանը գտնվում է Նորքի առաջին զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում, Նանսենի թանգարանի մոտ: Տեղադրվել է 2004 թվականին: Քանդակը կարմիր տուֆից է, ունի 1.65 մ բարձրություն՝ տեղադրված բազալտե սրբատաշ, ցածր պատվանդանի վրա: Բանաստեղծը պատկերված է բացված գրքին հենված դիրքով, մտախոհ հայացքով: Աջ կողմում նրա հայերենի ուսուցիչ, Մխիթարյան միաբանության անդամ, լեզվաբան, թարգմանիչ, բառարանագիր, բազմաթիվ լեզուների գիտակ հայր Հարություն Ավգերյանի (1774-1854) քանդակն է: 

Գետնին դրված կարմիր տուֆե սալի վրա փորագրված է՝   ԻՆՉՔԱՆ ԷԼ ՈՐ ՀԱՅԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԱՌՆ Է ԵՂԵԼ ԵՎ ԻՆՉՊԻՍԻՆ ԷԼ ՈՐ ԱՅՆ ԼԻՆԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ, ՆՐԱՆՑ ԵՐԿԻՐԸ ՀԱՎԵՐԺ ՊԵՏՔ Է ՄՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ՄԻԱԿ ԼԵԶՈՒՆ Է. ՋՈՐՋ ԳՈՐԴՈՆ (ԼՈՐԴ) ԲԱՅՐՈՆ:

Հուշաքարի ստորին մասում անգլերեն և հայերեն լեզուներով գրված է ՝ BYRON, ԲԱՅՐՈՆ:

Ձախակողմյան հատվածում փորագրված են քանդակագործի անունն ու տարեթիվը՝ ՀԱՅԿ ԹՈՔՄԱՋՅԱՆ. 2004:

 


Նանսենի այգի