ԲԼՈԳ

Card image cap

COP17 Հայաստան. Գործելով հանուն բնության


COP17-ն ամբողջ աշխարհը միավորում է մեկ նպատակի շուրջ՝ պահպանել կենսաբազմազանությունը և կերտել կայուն ապագա բոլորի համար:


2026 թվականի հոկտեմբերի 19–ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։                 

COP17-ը կանցկացվի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում` միավորելով նաև Կենսաբանական անվտանգության մասին Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ (CP-MOP-12) և Գենետիկական ռեսուրսների հասանելիության և օգուտների արդար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ (NP-MOP-6) հանդիպումները։

Համաժողովը տեղի կունենա Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման վճռորոշ փուլում։ Շրջանակի՝ 2022 թվականին ընդունվելուց ի վեր երկրներն առաջին անգամ համատեղ կգնահատեն դրա 23 թիրախների ուղղությամբ գրանցված առաջընթացը՝ հանձնառության փոխարեն կենտրոնանալով փաստացի արդյունքների վրա, ինչպես նաև գնահատելով, թե ձեռք բերված պայմանավորվածություններից որոնք են կյանքի կոչվել։

COP17 Հայաստանը պատմական հնարավորություն է համատեղ առաջընթացը գնահատելու, համագործակցությունն ամրապնդելու և գործուն քայլերն արագացնելու համար՝ քայլեր, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացմանը։

COP17-ի հյուրընկալումը Հայաստանը դնում է կենսաբազմազանության շուրջ համաշխարհային քննարկումների կենտրոնում։ Զբաղեցնելով Կովկասի տարածքի ընդամենը 6.7%-ը՝ Հայաստանն իր տարածքում ընդգրկում է տարածաշրջանի կենսաբազմազանության շուրջ 60%-ը և առանձնանում բազմազան էկոհամակարգերով և բուսական ու կենդանական աշխարհի հազարավոր տեսակներով։

Որպես հյուրընկալող երկիր՝ Հայաստանը Երևանում կընդունի միջազգային հանրության ներկայացուցիչներին՝ ապահովելով արդյունավետ երկխոսության, համագործակցության և համատեղ գործողությունների միասնական հարթակ և կենսաբազմազանության առաջնահերթությունները կապելով երկրի հարուստ բնական ժառանգության հետ։

COP17 Հայաստանի խորհրդանիշը Polyommatus eriwanensis թիթեռն է (Երևանյան կապտաթիթեռ), որն էնդեմիկ տեսակ է Հայաստանում։ Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չհանդիպող և Երևանում մարդկանց հետ կողք կողքի ապրող այս թիթեռը հիշեցնում է, որ կենսաբազմազանությունը նախևառաջ տեղական է, ապա նոր՝ համաշխարհային։

COP17-ի ինքնության 23 գույները խորհրդանշում են Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախները՝ Հայաստանի բնական ժառանգությունը կապելով կենսաբազմազանության կորուստը կասեցնելու և համատեղ քայլեր ձեռնարկելու միջազգային ռազմավարության հետ։


Կենսաբազմազանության և քաղաքային բնության պահպանության թեմաներով Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է «Քաղաքային կենսաբազմազանության Գոտի», որտեղ 12 օրվա ընթացքում կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը։


Ինչ է սպասվում Գոտում․

🔹Երևանի բնապահպանական նախաձեռնությունների և նախագծերի ներկայացում

🔹թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ

🔹 բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ

🔹 համերգային և մշակութային ծրագիր

🔹 մասնագիտական և հանրային երկխոսություն՝ քաղաքային բնության ապագայի շուրջ:


«Քաղաքային կենսաբազմազանության Գոտին» լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։

08 September 2026