ԲԼՈԳ
Ինչպես անցկացնել 48 ժամ Երևանում
Wizz Air և Turkish Airlines ավիաընկերությունների կողմից առաջարկվող նոր ավիաուղիների շնորհիվ, որոնք կապում են Երևանը Լոնդոնի հետ, այժմ լավագույն ժամանակն է բացահայտելու աշխարհի հնագույն քաղաքներից մեկը`Երևանը։
Օր 1․ Երևան – Ճարտարապետություն, մշակութային ժառանգություն և գինու արվեստ
Առավոտ – Քաղաքի սիրտը
Երևանի բացահայտումը սկսեք Հանրապետության հրապարակից՝ քաղաքի ճարտարապետական կենտրոնից, որն աչքի է ընկնում վարդագույն տուֆակերտ շենքերի ինքնատիպ համալիրով։ Այցելեք Հայաստանի պատմության թանգարան, ապա շրջեք «Վերնիսաժ» բացօթյա շուկայում, որտեղ ներկայացված են տեղացի վարպետների ձեռագործ աշխատանքները։
Այնուհետև զբոսնեք պատմական Աբովյան փողոցով՝ հիանալով 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի շենքերով, «Grand Hotel Yerevan» հյուրանոցով և Շառլ Ազնավուրի հրապարակով։ Ճանապարհը շարունակեք դեպի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոն և «Կասկադ» համալիր, որտեղից բացվում է Արարատ լեռան տպավորիչ տեսարան։ Առավոտյան շրջայցն ամփոփեք Մատենադարանում՝ հայկական հնագույն ձեռագրերի և միջնադարյան գրքերի պահոցում։
Կեսօր – Բարձունքներ և պատմության էջեր
Ուղևորվեք Հաղթանակի զբոսայգի՝ տեսնելու վեհաշուք «Մայր Հայաստան» հուշարձանը, որտեղից քաղաքը երևում է ափի մեջ։ Դրանից հետո այցելեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ մեր նորագույն պատմության ամենաառանցքային հիշատակության վայրերից մեկը, որն արտացոլում է հայ ժողովրդի տոկունությունն ու վերածնունդը։
Երեկո – Գինու մշակույթի բացահայտում
Օրն ամփոփեք Սարյան փողոցում՝ Երևանի գինու աշխույժ թաղամասում։ Տեղական կոլորիտային գինետներում վայելեք հայկական ընտիր գինիները, ծանոթացեք տեղական խաղողի տեսակներին, հատկապես հանրահայտ Արենիին ու Ոսկեհատին, և զգացեք Հայաստանի ժամանակակից գինեգործության զարթոնքը։
Օր 2․ Հնագույն հրաշքներ, լեգենդար կոնյակ և խոհարարական ավանդույթներ
Առավոտ – Հնագույն ճարտարապետական ժառանգություն
Ուղևորվեք դեպի Ազատ գետի գեղատեսիլ կիրճ՝ տեսնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հուշարձանները։ Առաջին կանգառը Գառնիի հեթանոսական տաճարն է՝ հելլենիստական դարաշրջանի միակ պահպանված կառույցը տարածաշրջանում, որի մոտակայքում կարող եք հիանալ «Քարերի սիմֆոնիա» բազալտե հրաշակերտ սյուներով։ Այնուհետև այցելեք Գեղարդավանք (Այրիվանք)․ ուսումնասիրեք ժայռերի մեջ փորված յուրօրինակ համալիրի խորհրդավոր ու հոգևոր մթնոլորտը։
Կեսօր – Կոնյակագործության ավանդույթները
Վերադառնալով Երևան՝ այցելեք լեգենդար «Արարատ» կոնյակի գործարան։ Շրջայցի ընթացքում ծանոթացեք հայկական բարձրորակ կոնյակի արտադրության հարյուրամյա պատմությանն ու գաղտնիքներին, այցելեք հնեցման մառաններ և մասնակցեք կոնյակի համտեսին։
Երեկո – Ազգային խոհանոցի համն ու հոտը
Ձեր երկօրյա ճամփորդությունը ամփոփեք ավանդական հայկական ընթրիքով։ Տեղական ռեստորաններից մեկում վայելեք ազգային խոհանոցի թագուհին համարվող տոլման, հոտավետ խորովածն ու թոնրի թարմ լավաշը։ Այս ամենը կուղեկցվի հայկական ջերմ հյուրընկալությամբ և երևանյան երեկոների անկրկնելի ջերմությամբ։