ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1933


Երևանում սկսեց գործել առաջին տրամվայը։


1933 թվականի հունվարի 12-ին «Ավանգարդ» թերթը լույս է տեսնում առաջին էջին պատկերված տրամվայի լուսանկարով եւ ազդարարելով՝ «Այսօր տրամվայի ռելսերը կզրնգան Երեւանի փողոցներում»։

Թերթը տեղեկացնում է, որ «Երեւանում մասսայական մեքենայական տրանսպորտ ստեղծելու միտքը ծնվել է շնորհիվ քաղաքի արտասովոր աճմանը», իսկ «այդ մտքին առաջին անգամ կյանք տվեց Երեւանի քաղխորհրդի նախագահ (այդպես էր այն ժամանակ կոչվում Երեւանի քաղաքապետի պաշտոնը) Ասատուր Ասրիյանը, որի առաջարկով դեռ 1930 թվականին Թիֆլիսում նախագիծ կազմելու համար կազմակերպվել է հատուկ բյուրո»։

Նշվում է, որ 1930 թվականը օգտագործվել է նախագիծ կազմելու եւ հաստատելու համար, իսկ հաջորդ՝ 1931 թվականին կատարվեցին «մի քանի քաղաքացիական կառուցումներ եւ մեծ թափով պատրաստվեցին հումքը, մատերիալներն ու ամեն տեսակ սարքավորումն ու ռելսերը, շպալները, երկաթե ձողերը, պտուտակները, կաբելները, կոնտակտի լարերը, իրենց պատկանելիքով, սյուները, տրանսֆորմատորները, սնդիկե ուղղիչները, ենթակայանի բարձրավոլտ եւ ցածրավոլտ սարքավորումը, գործիքները եւ այլն»։

Տրամվայի կառուցումը, փաստորեն, սկսվեց 1932 թվականի մարտին, եւ լիովին ավարտվեց մինչեւ դեկտեմբերի 15-ը։

15 կմ երկարություն ունեցող ուղին, էլեկտրական իր բոլոր բարդ կառուցվածքներով, սնդիկե ուղղիչ ենթակայանով, 1200 կիլովատ կարողությամբ, տրամվայի պարկը, քաղաքացիական բնույթ կրող բոլոր կառուցումները, արհեստանոցները, այդ բոլորը ստեղծվեց 9 ամսվա ընթացքում։

Նշվում է, որ «ԽՍՀՄ նոր կառուցվող տրամվայի ցանցում Երեւանի տրամվայի կառուցումը առաջին տեղն է գրավելու իր գծի երկարությամբ։ Սակայն փոքր է շարժական կազմը․ այժմ նա ունի միայն 8 վագոն, որոնց միջոցով առաջին տարին մեծ դժվարությամբ կհաջողվի փոխադրել պլանով նախատեսված 8 մլն  հոգին»։

Ի դեպ, սկզբնական շրջանում Երեւանի տրամվայն ունեցել է մեկ երթուղի՝ Աստաֆյան (Աբովյան) փողոցից մինչև Օրջոնիկիձեի (Արշակունյաց) պողոտա:

Այդուհանդերձ, տրամվայի կառուցումը 1932 թվականի շինարարությամբ չի վերջանում։

Եթե 1933-ին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, ապա երեսուն տարի անց այն հասավ 85 կիլոմետրի, իսկ վագոնների քանակը՝ 222-ի։

Տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվեց 2004 թվականի հունվարի 21-ին։

ԱՅԼ

2011


Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնի հանդիսավոր բացումը Երևանում։

2022


Դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի 20-րդ մրցույթը: