ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԵՂԱՆԱԿ
Վատ եղանակեր չկան
Մտածում եք՝ արդյոք ե՞րբ է Երևան այցելելու լավագույն ժամանակը: Երևանը չունի վատ եղանակ. արևը միշտ այստեղ է:
Երևանի կլիման բնութագրվում է զով ձմեռներով և շոգ ամառներով: Ձմռան ամիսները բավականին ցուրտ են, բայց ձնառատ չեն: Ամառային ամիսներն ամենաթեժն են: Միջին ջերմաստիճանը տատանվում է 22 C- ից (77.6 F) մինչև 36 C (96.8 F): Երեկոները զով են ու թարմացնող:
Ձմեռ
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հարավային երկիր է, այստեղ ձմեռները կարող են բավականին ցուրտ լինել: Երևանում ջերմաստիճանը գիշերը հասնում է -10C-ի, բայց ձյուն հազվադեպ է տեղում, և, սովորաբար, այն կամ արագ հալչում է, կամ՝ սառչում:
Ամանոյա տոներին քաղաքի փողոցները զարդարված են, գրեթե բոլոր խանութների ցուցափեղկերը տոնական ձևավորված են, ամենուր վառվում են գունագեղ լույսեր: Երևանում ձմռանը հեքիաթային գեղեցիկ է:
Եթե ցանկանում եք ձմռանը նախաճաշի համար ընտրել յուրահատուկ, համեղ ու հետաքրքիր ապուր, ապա անպայման համտեսեք խաշը՝ հայկական ազգային ապուրը: Այն կարելի է պատվիրել գրեթե ցանկացած ռեստորանում:
Գարուն
Եղանակը Երևանում բավականին կտրուկ է փոփոխվում: Փետրվարի վերջից այն սկսում է տաքանալ, ապա վաճառքի են հայտնվում ձնծաղիկներն ու մանուշակները, իսկ իրական գարունը գալիս է մարտին:
Հայաստանում մարտի 8-ին նշվող «Կանանց տոնի» և ապրիլի 7-ի «Մայրության և գեղեցկության տոնի» միջև ընկած ժամանակահատվածի ողջ ամիսը նվիրված է կանանց: Այդ ժամանակ խանութներում գործում են հատուկ զեղչեր՝ օծանելիքի, զարդերի, հագուստի գնման համար:
Ծիրանի ծառերը ծաղկում են ապրիլին՝ քաղաքին տալով չնաշխարհիկ տեսք:
Մայիսին Երևանում եղանակը կարող է լինել անձրևոտ և քամոտ: Սովորաբար ամառային սրճարաններն ու զվարճանքների այգիները վերաբացվում են հենց մայիսին:
Ամառ
Երևանում ամառը նման է գեղատեսիլ բացիկի:
Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին ջերմաստիճանը հասնում է +40C-ի: Արևահարությունից խուսափելու համար հարկավոր է կրել գլխարկ կամ շրջել հովանոցով: Խորհուրդ է տրվում շատ ջուր խմել: Երևանի ջուրը սառն է և համեղ: Ջուրը զտելու կամ եռացնելու կարիք չկա, կարող եք խմել այն հենց դրսում` ցայտաղբյուրներից՝ պուլպուլակներից, որոնք Երևանում կհանդիպեք ամեն քայլափոխի: Տեղացիները սովորաբար ջուր չեն գնում:
Ամառը առատ մրգի և բանջարեղենի շրջան է: Օգոստոսի կեսերին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տեղի է ունենում խաղողի օրհնության կրոնական տոնակատարությունը: Շատերը խաղող են սկսում ուտել միայն տոնից հետո: Ամռանը քաղաքի աշխույժ կյանքը սկսվում է ուշ երեկոյան, երբ ավելի է հովանում, և տևում է մինչև առավոտյան ժամը 3-ը կամ 4-ը՝ անկախ նրանից՝ հաջորդ օրն աշխատանքային է, թե՝ ոչ:
Աշուն
Երևանում աշունը գունագեղ է ու անչափ գեղեցիկ: Ո՛չ ցուրտ է, ո՛չ շոգ․ բավականին տաք է մինչև նոյեմբեր ամսվա կեսը, իսկ երեկոյան զով է: Խորհուրդ է տրվում վերնազգեստ ունենալ: Հայաստանում աշունը մեղմ է և երկարատև:
Սեպտեմբերին շուկաները լեցուն են հայկական արևահամ խաղողով ու դեղձով:
Բացօթյա բազմաթիվ սրճարաններ բաց են մինչև հոկտեմբերի վերջը: Աշնանն այստեղ հարմարավետ ու հաճելի է ինչպես կեսօրին, այնպես էլ երեկոյան:
Աշնանն են նշվում Հայաստանի Հանրապետության Անկախության օրը (սեպտեմբերի 21) և մայրաքաղաք Երևանի ծննդյան օրը՝ Էրեբունի-Երևանի տոնը (հոկտեմբերի սկիզբ):