ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ


1963 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.110

Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան

Քանդակագործ՝ Արա Հարությունյան

Գտնվում է Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46 հասցեում՝ Սայաթ-Նովայի անվան N 2 երաժշտական դպրոցի առջև՝ պուրակում:   Նվիրված է XVIII դ. հայ մեծ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովային (Հարություն Սայադյան, մահ.՝ 1795 թ.): Սայաթ-Նովան ստեղծագործել է Թիֆլիսում, եղել է Կախեթի վրաց Հերակլ Բ թագավորի արքունական երգիչը։ Ստեղծագործել է ոչ միայն հայերենով, այլև տարածաշրջանի այլ լեզուներով ևս։

Հուշարձանը սպիտակ մարմարե քարերով շարված ուղղանկյուն հուշապատ է, որը վերին հատվածի լայն բացվածքով և ստորին հատվածի շարվածքի որոշ քարերի բացակայությամբ կարծես բաժանվում է երկու հավասար մասի: Լայն բացվածքի ձախ կողմում Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, աջում՝ աղբյուրը, որից ջուրը թափվում է հուշապատի առջևում եղած դեկորատիվ, փոքր ջրավազանի մեջ: Հուշաղբյուրի վերին աջակողմյան քարը ծածկված է Սայաթ-Նովայի բանաստեղծությունների մոտիվներով հարդարված հարթաքանդակով, որտեղ պատկերված են ազգային գլխազարդերով կանայք (հայուհի, վրացուհի, ադրբեջանուհի), և վարդեր: Գծերի սահունությունը և ռիթմիկությունը ներդաշնակում են բանաստեղծի քանդակի պլաստիկ ձևերի հետ: Նրա լայն ճակատը, կանոնավոր դիմագծերը, քարի մշակման մաքրությունն ու սպիտակ գույնը բացահայտում են սիրո անմահ երգչի թախծոտ, բայց ոգեշունչ կերպարը:


Սայաթ-Նովայի պատկերը պայմանական է, քանի որ բանաստեղծի նկարը մեզ չի հասել: Դիմաքանդակից ներքև փորագրված են նրա հայտնի բանաստեղծության տողերը, որոնք կարծես բանալի են աղբյուրի և քանդակի համադրությունը հասկանալու համար.


ԱՄԵՆ ՄԱՐԹ ՉԻ՛ ԿԱՆԱ ԽԸՄԻ՝ ԻՄ ՋՈՒՐԸՆ ՈՒՐԻՇ ՋԸՐԵՆ Է:

ԱՄԵՆ ՄԱՐԹ ՉԻ՛ ԿԱՆԱ ԿԱՐԹԱ՝ ԻՄ ԳԻՐԸՆ ՈՒՐԻՇ ԳԸՐԵՆ Է:

ԲՈՒՆԻԱԹԸՍ ԱՎԱԶ ՉԻՄԱՆԱՍ՝ ՔԱՐԱՓ Է, ՔԱՐՈՒԿԸՐԵՆ Է:

                                                                       ՍԱՅԱԹ -ՆՈՎԱ, 1753.


Հետաքրքիր, ինքնատիպ հուշարձան է: Կառուցված է սպիտակ մարմարից, չափերն են՝ 3 х 3,75 х 0,4 մ: 

Սայաթ-Նովայի հուշաղբյուրի համար քանդակագործ Արա Հարությունյանը 1964 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալով:

 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մաշտոցի պող. 46