ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ


Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական և ամենահայտնի հրապարակն է: Այն Հայաստանի խորհրդանիշներից մեկն է՝ իր ճարտարապետությամբ, պատմական նշանակությամբ և մշակութային կարևորությամբ:


1926-1940
Պետ. ցուցիչ՝ 1.6.96
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի կենտրոնական մասում՝ Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի հատման հատվածում: Քաղաքի գլխավոր հրապարակն է՝ քաղաքաշինական և տրանսպորտային կարևոր հանգույց, տարաբնույթ միջոցառումների վայր: 

1940-1990 թթ. կոչվել է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի անունով։ Հրապարակում մինչև 1991 թ. տեղադրված էր Լենինի արձանը (քանդակագործ`          Սերգեյ Մերկուրով):

Որպես Երևանի գլխավոր հրապարակ՝ այն նախագծել է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թ.: Կառուցապատվել է մի քանի փուլով:

Հրապարակի ներկայիս տարածքը մտել է Երևանի նախախորհրդային բնակելի գոտու մեջ: Շինարարության սկիզբը դրվել է 1926 թ.՝ Նալբանդյան փողոցում Հողագործության ժողովրդական կոմիսարիատի երկհարկանի շենքի կառուցմամբ, որը հետագայում ներառվել է Կառավարական առաջին տան կազմում:

1936-1938 թթ. կառուցվում է Հողժողկոմատի շենքի երրորդ հարկը: Զարդաքանդակները կատարել են Տարագրոսը, Վաղարշակ Մելիք-Հակոբյանը:

1935 թ., Կառավարական տան կառուցմամբ պայմանավորված, սկսվում է հրապարակի բնակելի տների, ինչպես նաև՝ Աբովյան, Նալբանդյան, Սվերդլովի (այժմ՝ Փ. Բուզանդի) և Ամիրյան փողոցների ու քաղաքային պուրակի կառույցների քանդումը: Քանդվում են զինվորական պարետատան շենքը, բաղնիքը, կինոթատրոնը, պիոներների տունը, մանկապարտեզը, խանութը, Պտի-Շան ռեստորանը և այլն:

Կառավարական առաջին տունը կառուցվել է 1926-1940 թթ. և 1950-ական թթ. ճարտարապետներ Ալեքսանդր և Գևորգ Թամանյանների նախագծով: 1941 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Շենքի Մելիք-Ադամյան փողոցի հատվածը նախագծել է Գևորգ Թամանյանը 1957 թ.: Շինարարությունն իրականացվել է 1959 թ.: Զարդաքանդակները կատարել է  Սուրեն Ստեփանյանը:

1936 թ. Ալեքսանդր Թամանյանի մահից հետո, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարում է հրապարակի հատակագծման և կառուցապատման նախագծի մրցույթ: Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ (1924-1938) Նիկողայոս Բունիաթյանի գլխավորած մրցույթը էական փոփոխություններ չի մտցրել հրապարակի կառուցապատման ընթացքի մեջ:

1939 թ. Կառավարական առաջին տան դիմաց կառուցվում է 12 մետրանոց մայթ, որտեղ նախատեսված էին նաև կանաչապատ տարածքներ:

Հետագայում հրապարակում կառուցվում են՝

1. Կառավարական երկրորդ տունը՝ «Արարատ» ռեստորանով – 1944-1955 թթ., ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան՝ անվանի ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի մասնակցությամբ: Շենքի ճարտարապետական առանձին մասերի և ռեստորանի ներքին հարդարանքի աշխատանքներին մասնակցել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը: Ռեստորանի ներսի որմնանկարը ստեղծել է նկարիչ Հովհաննես Զարդարյանը, խեցե զարդարանքը՝ Հմայակ Բդեյանը:

2. «Արմենիա» («Մարիոթ») հյուրանոցը – 1954-1980-ական թթ., շահագործման սկիզբը՝ 1958 թ., ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան՝ Էդուարդ Ալթունյանի և Լևոն Մելքոնյանի մասնակցությամբ, նախագծող՝ Ս. Գ. Բաղդասարյան:

3. Արհեստակցական միությունների և Կապի նախարարության շենքը – 1956-1978 թթ., ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան: Դեռևս 1935 թ. կոնստրուկտիվիստական ճարտարապետության ոճով և ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցվել է Կապի տունը: Եվ քանի որ այն չէր համապատասխանում հրապարակում կառուցվող շենքերի ոճական առանձնահատկություններին 1956 թ. շենքը ներառվում է Կապի տան նոր շենքի մեջ և մնացել նրա ճակատի ետևում:

4. Թանգարանների շենքը (Մշակույթի տուն) – 1940-ական թթ.: Մշակույթի տան շինարարության հետ կապված՝ նախկին արական գիմնազիայի շենքը վերափոխվել է: Սկզբնական տեսքով պահպանվել են ներքին տարածությունը և Աբովյան փողոց դիրքորոշված ճակատը, իսկ մնացած սև, տուֆակերտ ճակատները երեսապտվել են սպիտակ քարով: 1954 թ. արական գիմնազիայի շենքի վրա կառուցվել է երրորդ հարկ, հրապարակի կողմից կցակառուցվել է թաղակապ, բաց սյունասրահ՝ շենքը հրապարակի համալիրում ներառելու նպատակով (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան):

5. 1980 թ. ավարտվել է Հայստանի պետական պատկերասրահի (այժմ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ)՝ ութանիստ թմբուկի ձև ունեցող 42 մ բարձրությամբ 7-հարկանի շենքի կառուցումը (Մշակույթի տան ներքին բակում), որով միաժամանակ ավարտվել է գլխավոր հրապարակի ձևավորումը (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, Աշոտ Ղազարյան):

6. Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը - 1981 թ., ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մկրտիչ Մինասյան, նախագծողներ՝ Օ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան: Հայկական ԽՍՀ պետական մրցանակ՝ 1983 թ.:

7. Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի հուշարձանը տեղադրվել է հրապարակի հարավային մասում, Հայաստանի խորհրդայնացման 20-րդ տարեդարձի առթիվ: Արձանի բացումը տեղի է ունեցել 1940 թ. նոյեմբերի 24-ին: Հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, թիֆլիսաբնակ ճարտարապետներ Նատալյա Պարեմուզովան և Լևոն Վարդանովը (Վարդանյան): Այն համարվում էր ԽՍՀՄ-ում Լենինի լավագույն հուշարձաններից մեկը: Արձանի նյութը կոփածո պղինձն էր, բարձրությունը՝ 7 մ: Պատվանդանը կառուցված էր գորշ գրանիտից: Ընդհանուր բարձրությունը 18,2 մ էր: Արձանը պատվանդանից իջեցվել է 1991 թ. ապրիլի 13-ին՝ ԽՍՀՄ պաշտոնական փլուզման նախօրյակին, Երևանի քաղաքային խորհրդի 1991 թ. մարտի 28-ի որոշմամբ։ Քանդակազարդ պատվանդանը հրապարակում մնացել է մինչև 1996 թ. հուլիս, որից հետո ապամոնտաժվել է:

8. Հանրապետության հրապարակի շատրվաններով ջրավազանը կառուցվել է 1953 թ., Թանգարանների շենքի դիմաց՝  ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով: 1970 թ. շատրվանները վերածվել են գունաձայնային «երգող» շատրվանների, որոնց հեղինակը ռադիոտեխնիկ Աբրահամ Աբրահամյանն է: 1978 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: 2007 թ. շատրվանները վերակառուցվել են ֆրանսիական «Ակվատիկ շոու ինթերնեշնլ» ընկերության կողմից, իսկ 2011 թ. ընկերությունն ընդլայնել է շատրվանների ֆունկցիոնալ հնարավորությունները:

9. «Յոթնաղբյուր» ցայտաղբյուրը կառուցվել է Թանգարանների շենքի դիմաց, 1965 թ.՝ ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանի նախագծով: Վերանորոգել է քանդակագործ Արման Նուռը 2010 թ.:

 

Հանրապետության հրապարակի ընդհանուր մակերեսը 3,5 հա է: Երկմաս է, 230 x 110 մ առանցքային չափերով: Ձվաձև մասի կենտրոնում  կա խճանկար (2003), որը գորգ է հիշեցնում: Հյուսիսից ջրավազանով սեղանաձև հատվածն է (160 x 80 մ): Շենքերը կառուցված են սրբատաշ, հայկական վարդագույն տուֆով, բաց կաթնագույն ֆելզիտով, ստորին մասերում՝ գորշ բազալտով:

2003 թ. հրապարակում իրականացված վերանորոգման աշխատանքների ժամանակ ջրավազանի արևմտյան անկյան տակ` 10 մ հեռավորության վրա և «Արմենիա» հյուրանոցի դիմաց` 15 մ հեռավորության վրա, բացվել են ուղղանկյուն հատակագծերով թաղածածկ նկուղներ: Մասնակիորեն պեղումներ է իրականացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (Հուսիկ Մելքոնյան, Ֆրինա Բաբայան), չափագրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վերականգնող-ճարտարապետ Աշոտ Հովսեփյանը: Այնուհետև, հուշարձանները կոնսերվացվել են սորուն ավազով և ասֆալտապատվել: Դրանք XVIII-XX դդ. Երևանի կառուցապատման ստորգետնյա հատվածներ են, որոնց վերգետնյա շինությունները, ելնելով հրապարակի կառուցապատման անհրաժեշտությունից, քանդվել են դեռևս 1920-1930-ական թթ.:

Հանրապետության հրապարակի համալիրի գեղարվեստական կերպարի ստեղծման գործում վճռական ազդեցություն է ունեցել Կառավարական առաջին տան ճարտարապետությունը, որը կանխորոշել է մյուս ծավալների համամասնությունները, շենքերի բարձրությունների հարաբերակցությունը: Հրապարակի շենքերի ճարտարապետությունը հարուստ է դեկորատիվ պլաստիկ տարրերով, քանդակներով: Խոյակների, քիվերի, բացվածքների և մյուս տարրերի նախագծման մեջ օգտագործվել են ազգային ճարտարապետության մոտիվները (Տեկոր, Դվին, Զվարթնոց, Թալին):

Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, քաղաքաշինական արվեստի արժեքավոր հուշարձան: Երևանի նախագծման համակարգում զբաղեցնում է կենտրոնական տեղ: 1971 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:


Հանրապետության հրապարակ