ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան


Թանգարանի ցուցադրությունը կազմված է երկու հիմնական մասից՝ «Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին» և «Արցախյան ազատագրական պատերազմ»։


Մայր Հայաստանի հուշահամալիրը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Այն կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թ.-ի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում:

Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրված է եղել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1961 թ.-ին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը, իսկ 1967 թ.-ին նույն պատմանդանին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը:

Բացման պաշտոնական արարողություն չի եղել: Քանդակագործին հաջողվել է կապ հաստատել նոր քանդակի և հին պատվանդանի միջև ինչպես կոմպոզիցիայի, այնպես էլ դեկորատիվ դետալների միջոցով։ Ստալինի քանդակի պահպանված բեկորները (աչք և կոշիկ) օգնեցին նրան հավասարակշռություն գտնել հին և նոր հուշարձանի չափերի միջև։

Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը` 22 մետր, սրինը` 11 մետր։ Պատվանդանը, ի հակադրություն արտաքին ուղղանկյուն ձևի, ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է և հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե Տաճարը։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։

Պատվանդանի ներսում` շուրջ 3000 մ² օգտակար տարածությունում, 1970 թվականին ի նշանավորումն Հաղթանակի 25-ամյակի բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո։ 

Գաղափարական ընդհանուր մտահղացման մաս են կազմում նաև «Անհայտ զինվորի գերեզմանը», դեպի այն տանող «Հերոսների պուրակը», ինչպես նաև մարշալ Բաղրամյանին և ռուս սահմանապահներին նվիրված ծառուղիները։

Թանգարանն ունի ավելի քան 30000 ցուցանմուշ: Ցուցադրությունը կազմված է երկու հիմնական մասից՝ «Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին» և «Արցախյան ազատագրական պատերազմ»։

Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, նրանց ռազմերթերի մասին նյութեր, ինչպես նաև` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը:

Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր:

Պատվանդանի շուրջ խորհրդային զինատեսակների տարբեր նմուշներ են ցուցադրված։ Դրանց թվում են զրահապատ հետևակային մեքենա, զրահամեքենա-152, Т-34 տանկ, МиГ-19 ինքնաթիռ, Կատյուշա БМ-13, 76 մմ զենիթային գնդացիր, С-75 զենիթային հրթիռ համակարգ:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթիից ուրբաթ՝ 10:00-17:00

Շաբաթ-կիրակի՝ 10:00-15:00

Երկուշաբթի՝ փակ


Մուտքը անվճար է:


Հաղթանակի զբոսայգի
+37410 251 400