ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԷՐԵԲՈՒՆԻ–ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ


1968 թ.


ՀՀ մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է, հին է նույնիսկ հռչակավոր Հռոմից: Բայց այդ քաղաքներից քչերն ունեն իրենց ծննդյան վկայականները: Երևանն այդ քչերից մեկն է:

1950 թ. աշնանը, քաղաքի հարավարևելյան մասում բարձրացող Արին բերդ բլրի վրա իրականացված պեղումների ժամանակ (հնագիտական արշավախմբի ղեկավար՝ ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյան) հայտնաբերվեց Հին Արևելքի հզոր պետություններից մեկի՝ Վանի (Բիայնիլի) թագավորության տիրակալ Արգիշտի Ա արքայի (մ.թ.ա. 786-764 թթ.) սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին: Արձանագրությունը կազմվել է չորս օրինակից, և բոլորն էլ ունեն բնօրինակի նշանակություն. մեկը գտնվում է հնավայրում, երկուսը՝ «Էրեբունի» թանգարանում, իսկ չորրորդը՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Էրեբունի անվան հիշատակությամբ այս սեպագիրը Հայոց մայրաքաղաքի ծննդյան գրավոր վկայականն է, անառարկելի ապացույցն այն բանի, որ Երևանը Էրեբունիի իրավահաջորդն է, և նրանով է սկսվում Երևանի գրավոր պատմությունը:

Արգիշտին ամրոցը կառուցել է Արարատյան դաշտի սրտում՝ ամայի վայրում, իր կառավարման հինգերորդ տարում՝ մ.թ.ա. 782 թ., ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների, այստեղ բնակեցրել 6600 զինվոր: Էրեբունին ռազմավարական խոշոր նշանակություն է ունեցել Արարատյան դաշտում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում Վանի թագավորության դիրքերն ամրապնդելու համար, եղել է վարչական և պաշտամունքային խոշոր կենտրոն: 

1968 թ. հոկտեմբերին հայ ժողովուրդը մեծ շուքով նշեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Երևանն այդ տոնակատարությունը դիմավորեց բազմաթիվ նորակառույցներով, նոր բացված թանգարաններով, ծննդյան հոբելյանը խորհրդանշող 2750 շատրվաններով ու վերակառուցված զբոսայգով (նախկին քաղաքային կամ Ստեփան Շահումյանի անվան բուլվար, վերակառուցման նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Լիպարիտ Սադոյան): Այդ ժամանակ պատրաստվեց նաև Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրության կրկնօրինակը, որը պետք է դառնար շատրվանների մոտ տեղադրվելիք հուշարձանի բաղկացուցիչ մաս (նախագիծը՝ ճարտարապետ Հովհաննես Հակոբյանի): Կրկնօրինակն այգում չտեղադրվեց, բայց իր հանգրվանը գտավ Նալբանդյան և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում:

2005 թ. սեպագիր կրկնօրինակը տեղափոխվեց ու տեղադրվեց Երևանի պատմության թանգարանի նորակառույց շենքի առջև՝ մուտքի ձախակողմում՝ սիզամարգի մեջ: Մուտքի աջակողմում կանգնեցվեց արձանագրության հայերեն վերծանությամբ քարը:

Սեպագիրը կրկնօրինակվել է գորշ բազալտի միակտոր, զանգվածեղ քարի հարթեցված երեսին (13 տող):

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Երևանի պատմության թանգարանի շենքի առջև