ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Հովհաննես Թումանյանի թանգարան
1953թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում բացվեց հայ մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի թանգարանը:
1949 թվականին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 80 ամյակի կապակցությամբ, նրա հիշատակը հավերժացնելու, գրական ու նյութական ժառանգությունը պահպանելու նպատակով, Հայաստանի կառավարությունը, Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ, որոշում ընդունեց Երևանում թանգարան կառուցելու մասին: 1953թ. ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց բանաստեղծի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 19 000 ցուցանմուշ:
Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով:
Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար: Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես է: Թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով: Դեպի թանգարան տանող 54 աստիճանները մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:
Թանգարանը ծավալում է բազմաբնույթ և ակտիվ գործունեություն՝ գրավիչ և հաճելի վայր մնալով թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ հայ և օտար ազգերի մշակութասեր հասարակության համար: Թանգարանում այցելուն կարող է վայելել նոր տեխնոլոգիաների կիրառման ինքնատիպ փորձեր՝ համադրված դասական ցուցադրության հետ, դիտել անիմացիոն եռաչափ մուլտֆիլմեր, հեռախոսային հատուկ հավելվածների միջոցով հանդիպել անսպասելին ու լուսանկարվել, մասնակցել զանազան միջոցառումների, կրթական ծրագրերի, ցուցահանդեսների:
Թանգարանը զբաղվում է նաև բեղուն գիտական գործունեությամբ՝ ուսումնասիրելով և հրապարակելով Թումանյանի ընտանիքի՝ հատկապես զավակների արխիվները, Թումանյանին վերաբերող նոր նյութեր, կազմակերպելով մանկական գրականությանը և հեքիաթագիտությանը վերաբերող գիտաժողովներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի - շաբաթ՝ 10։30-17:00
Կիրակի՝ 10։30-16:00
Երկուշաբթի՝ հանգստյան օր
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ - 1000 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, փախստականներ - 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն-2000 դրամ
Ֆրասերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, արևմտահայերեն - 3000 դրամ
Կրթական ծրագրեր - 2500 դրամ
Մուլտֆիլմեր - 100 դրամ