ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան


Հուշահամալիրը բաղկացած է շուրջ 30 հուշարձաններից` նվիրված հայ ժողովրդի, ականավոր հայերի և հայ ազգի բարեկամների պատմության հերոսական և ողբերգական էջերին:


Ֆրիտյոֆ Վեդել-Յարլսբերգ Նանսենը (1861-1930) նորվեգացի բևեռախույզ, գիտնական-կենդանաբանության դոկտոր, ֆիզիկական օվկիանոսագիտություն նոր գիտության հիմնադիր, քաղաքական և հասարակական գործիչ, հումանիստ, բարերար, 1922 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նանսենի անունով են կոչվում աշխարհագրական և աստղագիտական ​​օբյեկտները, ներառյալ խառնարանը Լուսնի հյուսիսային բևեռում:

Պատանեկության տարիներին նա հայտնի դարձավ որպես մարզիկ-դահուկորդ և չմշկավազորդ: 27 տարեկանում, պատմության մեջ առաջին անգամ, նա դահուկներով հատեց Գրենլանդիայի սառցե շերտը, որը լայն հասարակության կողմից ընկալվեց որպես սպորտային մեծ նվաճում: Հյուսիսային բևեռ (արշավախումբ Ֆրամ նավի վրա) հասնելու փորձի ընթացքում 1895 թվականի ապրիլի 8-ին նա հասավ 86° 14′-ի:

«Ֆրիտյոֆ Նանսեն թանգարան» ՀՈԱԿ-ը բացվել է 2014 թվականին, Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում` Նանսենի անվան այգում (բարերարներ՝ ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններ):

Ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան: Թանգարանի մակերեսը՝ 40.6 քմ: Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը:

Թանգարանի այցելուները ցուցադրվող հայերեն գրքերի, ֆիլմերի, ցուցապաստառների, քանդակների և թողարկված հոբելյանական նյութերի միջոցով ծանոթանում են նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանը:

Ֆրիտյոֆ Նանսենը բացառիկ ներդաշնակությամբ զուգակցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Նա առաջինն էր, որ չքավորին օգնելը կարեկցանքի աստիճանից վերածեց գործնականի՝ ապրելակերպի, իսկ անձնական բարեգործությունը՝ պետական քաղաքականության մակարդակի:

Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը՝ հանուն մարդու իրավունքների և արժանապատվության, փոխեց դիվանագետների և քաղաքագետների տեսակետը սեփական գործունեության նկատմամբ և ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ:

Անգնահատելի է Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական հսկայական նվաճումը՝ ԱՄՆ-ից Նորվեգիա սննդի պաշարներ փոխադրելու առաքելությունը (1917-1918 թթ.), ռազմագերիներին, սովյալներին ու Առաջին համաշխարհային պատերազմի փախստականներին ցուցաբերած աջակցությունը, Ազգերի Լիգային աջակցությունը:

Անգնահատելի է Ֆ. Նանսենի դերը թուրք ճիվաղների հրահրած և իրագործած Հայոց մեծ եղեռնից ու հույն - թուրքական պատերազմից մազապուրծ քաղաքակիրթ քրիստոնյա երկու ժողովուրդների փրկության և օգնության գործում:

320 հազար հայեր Նանսենյան անձնագրերով քաղաքացիություն ստացան աշխարհի 52 երկրներում, կարողացան օջախներ հիմնել և շարունակել կյանքը, իսկ 50 հազար հայեր Հունաստանից գաղթեցին Մայր հայրենիք և բնակություն հաստատեցին Սարդարապատում, որտեղ կենսապայմաններ ստեղծելու գործում նույնպես մեծ էր բարոյականության բարձրակետում կանգնած Ֆ. Նանսենի և նրա ղեկավարած հանձնախմբի դերը: Նրանք սկսեցին փորձագիտական-հետազոտական աշխատանքները, որոնց նկարագրություններն ու առաջարկներն, իբրև փաստաթղթային ապացույցներ, ժամանակին տեղ են գտել Ժնևյան հաղորդագրություններում, ապա դուրս եկել արխիվներից, հասել մեր օրերն ու դարձել մեծ նորվեգացուն նվիրված հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո առհավատչյան:

Փաստաթղթերը, այնուամենայնիվ, չէին կարող պահել Ֆրիտյոֆ Նանսենի հոգու թրթիռները, երբ նա քայլում էր հին Երևանի փողոցներով կամ երբ մասնակցում էր Շիրակի ջրանցքի բացմանը: Նրա հայաստանյան տպավորությունները վերածվեցին սիրո խոստովանությունների, որոնցում մեզ հատկապես պարտավորեցնող էին նրա հետևյալ խոսքերը. «Իմ հույսն է կարողանալ նորից վերադառնալ...»:  Քաղաքականության և բարոյականության հաշտեցման ճանապարհին Ֆրիտյոֆ Նանսենին ուժ էին հաղորդում հայ որբուկների սովահար աչքերը:

Տակավին 1906թ.-ին Իզմիր քաղաքում հայերեն հրատարակվել է Ֆ. Նանսենի «Դեպի Բևեռ» գիրքը: Սա հայ ընթերցողի առաջին ծանոթությունն էր անվանի գիտնական-բևեռախույզին: Իսկ 1925թ.-ի հայաստանյան ուղևորությունից հետո Ֆրիտյոֆ Նանսենի հրատարակած «Խաբված ժողովուրդ» գիրքը Հայ դատի հենասյուներից է, Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված լավագույն գրքերից մեկը:

Թանգարանում առանձին բաժին է հատկացված հովանավորներ Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և հայրենասիրական գործունեությանը:


 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի-շաբաթ՝ 10:00-17:00

Մուտքը՝ անվճար


Ֆ. Նանսենի փող. 4/4
+37496 000 813