ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՋՐԱՆՑՔ ՄԱՄՌԻ
Մ.թ.ա. VII դ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.157
Կառուցող՝ Վանի թագավոր Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645 թթ.)
Սկիզբ է առնում Հրազդան գետի ձախ ափից, ՔանաքեռՀէԿ-ից 1 կմ գետի հոսանքով ներքև, այն նույն ջրհավաքից, որտեղից սկիզբ է առնում Դալմայի
ջրանցքը։ Անցնում է նաև Արաբկիր վարչական շրջանով: Ոռոգում է Հրազդանի կիրճի այգիները, ապա անցնելով կիրճի լանջերով ու կարճ թունելով՝ հասնում է Կոնդ թաղամաս, որտեղից մի ճյուղը, մտնելով 200 մ երկարությամբ թունելը, հատում է Գետառը և թափվում Վարդավառի լիճ:
Ենթադրվում է, որ հիմնել է Վանի Ռուսա Բ թագավորը, քանի որ Երևանի մյուս ջրանցքների նման կառուցված է բիայնական
ջրաշինության սկզբունքներով:
Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Մխիթար Այրիվանեցու (XIII դ.) «Պատմություն ժամանակագրական» աշխատության մեջ՝ որպես «Երևանի առու», այնուհետև՝ XVIII դ., Սիմեոն կաթողիկոս Երևանցու «Ջամբռ» աշխատության մեջ: Այրիվանեցին թեև գրում է 1031 թ. Ապիրատ իշխանի կողմից առու հանելու
մասին, բայց խոսքն իրականում ջրանցքը վերականգնելու մասին է:
Ջրանցքը «Մամուռ» անունով
(արաբերեն նշանակում է «վերակառուցված») հայտնի է
XVII դ. առաջին քառորդից, երբ նորոգվել է պարսից Ամիրգունա խանի օրոք: Նորոգվել է նաև 1679 թ. ավերիչ երկրաշարժից հետո և 1822-1824 թթ., Երևանի վերջին սարդար Հուսեյն
Ղուլի խանի օրոք: Այս ժամանակաշրջանում ջրանցքը ոռոգել է ամբողջ Կոնդը, Ձորագյուղի,
Շահարի թաղամասերի այգիները և քարե ջրուղով ջուր մատակարարել Երևանի բերդին:
1840-ական թթ. ջրանցքի գլխավոր հունին կցվել է «Դալմա» անունը
կրող ջրանցքը, որը ոռոգել է ներկայիս Արամի
և Պուշկինի փողոցների տարածքում եղած այգիները: 1860-ական թթ. Դալմայի շարունակությունից
տարված ջրանցքը ոռոգել է քաղաքի կենտրոնական թաղամասերը, ներկայիս Աբովյան փողոցի այգիները,
և թափվել Գետառ գետը:
Խորհրդային իշխանության առաջին տարիներին՝ 1922-1923 թթ., կատարվել
են Մամռի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներ: Ներկայիս Թումանյան փողոցի վերջնամասում
այն երկարացվել է մինչև Աբու Հայաթի ջրանցքը, ապա՝ հոսել ու թափվել Վարդավառի լիճ:
1923 թ. ջրանցքին տրվել է Ստ. Շահումյանի անունը: Այն պետք է ջուր մատակարարեր Հրազդանի
ձորում կառուցվող խորհրդային Երևանի առաջին ՀԷԿ-ի (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան)
չորս տուրբիններին: Այդ նպատակով որոշ տեղերում ջրանցքը խորացրել են, կառուցել ջրարգելակներ։ 1963 թ, ԵրՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքի
շահագործումը դադարեցնելուց հետո, Մամռի ջրանցքը վերածվել է քաղաքի կենտրոնական մասի
անձրևային կոլեկտորի:
Երկարությունը մոտ 15 կմ է, թողունակությունը՝ 0,6 մ/վրկ.:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան