ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
Թանգարանն այցելուներին առաջարկում է էքսկուրսիաներ տարբեր լեզուներով` հյուրերին ծանոթացնելով հայկական ժամանակակից արվեստին:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 1972թ. հիմնել է Հենրիկ Իգիթյանը` Երևանի քաղաքապետ Գ. Հասրաթյանի, ինչպես նաև` հայ լավագույն նկարիչների աջակցությամբ: Որպես ժամանակակից արվեստի մասնագիտացված թանգարան` այն առաջինն էր ոչ միայն նախկին Խորհրդային Միության, այլև ողջ սոցիալիստական ճամբարի տարածքում:
Թանգարանի առաջին ցուցադրությունը լիովին կազմված էր 60-ական թվականների հայ նկարիչների գործերից` նրանց իսկ նվիրատվությամբ: Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի և ուրիշ անվանի նկարիչների գործեր թանգարանի ցուցադրության հիմնական առանցքն են:
2007թ. թանգարանին հատկացվել է նոր մասնաշենք, որտեղ ցուցադրվում են նաև միջին և երիտասարդ սերնդի աշխատանքները:
80-ականների նկարիչներից են թանգարանում ներկայացված Կամո Նիգարյանը, Մարինե Դիլանյանը, Ալբերտ Հակոբյանը, Սամվել Բաղդասարյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արմեն Գևորգյանը, Սոնա Բանոյանը, Վահան Ռումելյանը, Մոկո Խաչատրյանը, Գագիկ Ղազանչյանը, Տիգրան Մատուլյանը, Մուշեղ Մխիթարյանը, Թենի Վարդանյանը, Գաբրիել Մանուկյանը, Սարգիս Համալբաշյանը, Արթուր և Արարատ Սարգսյանները և այլք:
2004թ․-ին բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանֆակագործ Էմիլ Կազազի աշխատանքները, իսկ 2010-ին Կապանի Պղինձամոլիբդենային կոմբինատի կողմից՝ կանադաբնակ արվեստագետ Կարեն Պետրոսյանի քանդակները։
Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը հրատարակության է պատրաստել մի շարք ալբոմներ` «Քոչար», «Ա. Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից` Մինաս», «Թանգարան», «Հայկական գունապնակ», «Հայկական գունապնակ», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան», ինչպես նաև` 80-ականների նկարիչների անհատական կատալոգները: Այժմ տպագրության է պատրաստվում «Երևանի ժամանակակից արվեստի թանգարան» կատալոգը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի- կիրակի՝ 11:00-18:00
Երկուշաբթի` փակ է
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ – 1500 դրամ
Ուսանողներ – 1000 դրամ
Աշակերտներ – 300 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն՝ 2000 դրամ
Օտար լեզվով` 4000 դրամ