ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԳՐՔԻ ՊԱԼԱՏԻ, ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔ
1940 թ., 1960 թ.
Պետ․ ցուցիչ՝ 1․6․67
1940 թ., ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան
1960 թ., ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան, Սերգեյ Ներսիսյան,
Երևանի ամենամեծ տպագրական համակառույցներից է՝ կառուցված Կորյուն, Տերյան, Իսահակյան և Գ. Քոչար փողոցներով
սահմանափակված թաղամասում (հասցեն՝ Տերյան փող. 91, Իսահակյան փող. 28, Գ. Քոչարի
փող. 4):
XX դ. 30-ական թթ. «Հայպետհրատ» հրատարակչությունը
և տպարանը գործում էին Մշակույթի տան շենքում: Ուստի 1934 թ. խնդիր էր դրվել ունենալ
մամուլի պալատի մի համալիր, որտեղ պետք է կենտրոնացվեին հրատարակչական և պոլիգրաֆիկական գործերը և սրանց հետ առնչվող բոլոր հիմնարկները.
համալիրը պետք է ունենար մեծ դահլիճ, գրադարան, ստեղծագործական արհեստանոցներ:
1935 թ. հայտարարվել է Երևանի հրատարակչության (գրքի) պալատի մրցույթ, որին ներկայացված երկու նախագիծից (1. ճարտարապետներ
Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի, 2. պոլիգրաֆիական կառույցների նախագծման
ոլորտում մասնագիտացած մոսկվացի ճարտարապետ Սեմյոն Պենի) ընտրվել է առաջինը:
Շինարարությունն սկսվել է 1936 թ.: Տերյան փողոցի երկհարկ, 100 մ երկարությամբ հատվածը՝ հզոր որմնախարսխի
վրա բարձրացող սյունաշար ճակատով և գլխավոր մուտքով, ավարտվել է 1940 թ.: Մնացած մասերը, այդ թվում նաև՝ պոլիգրաֆիստների ակումբը (Իսահակյան և
Քոչարի փողոցների անկյունային հատվածում), կառուցվել
են 1960 թ.: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Մ. Մազմանյանը, Հովհ. Մարգարյանը
և Սերգեյ Ներսիսյանը:
Կորյունի փողոցի
կողմից սկզբնապես կառուցված է եղել անցում՝ բաց սյունաշարի միջոցով դեպի
համակառույցի ներքին բակ: 1965 թ. այդ սյունաշարը
քանդվել է և տեղում կառուցվել 9-հարկանի վարչական շենք: Իսահակյան
փողոցի կողմի ծավալը քառահարկ է, ճարտարապետական ձևերն ավելի պարզ են: Կողային
մասերն ընդգծված են բաց սյունասրահներով: Քոչարի փողոցի ծավալը եռահարկ է:
Պալատի համալիրում եղել են «Հայպետհրատ», «Սովետական գրող»,
«Արևիկ», «Նաիրի», «Հայաստան» հրատարակչությունները, «Հայգիրք»-ը, ՀԽՍՀ մամուլի գործերի, հրատարակչության և գրքի վաճառքի պետական կոմիտեն,
ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմը: Պոլիգրաֆիստների ակումբի հատվածում կազմակերպվել է Երևանի
դրամատիկական թատրոնը, որը հիմնվել է 1967
թ. որպես հայկական թատերական ընկերության թատրոն-ստուդիա, ԽՍՀՄ ժողովրդական դերասան
Հրաչյա Ղափլանյանի ղեկավարությամբ: Բացումը տեղի է ունեցել է 1969 թ. Հովհ. Թումանյանի
«Անուշ» պոեմի ներկայացմամբ: Տերյան փողոցի հատվածում այսօրվա
«Երևան Պանդոկ»-ի տեղում եղել է պոլիգրաֆկոմբինատը, որտեղ տպագրվել են «Հայկական
սովետական հանրագիտարան»-ի 13 հատորները և բազմաթիվ այլ գրքեր:
Ներքին տարածությունները, հատկապես նախասրահները,
բազմիցս փոփոխվել են և կորցրել են իրենց նախնական տեսքը:
Իբրև շինանյութ օգտագործվել են տուֆը, բազալտը և ցեմենտի սվաղը:
1928-1935 թթ. «Հայաստան» հրատարակչությունում է աշխատել մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը: Այդ մասին Տերյան փողոցի կողմից 1965 թ. տեղադրվել է հուշատախտակ (ճարտարապետ՝ Լևոն Էլոյան): Նույն բովանդակությամբ հուշատախտակ է ամրացվել Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ 1997 թ.:
Դրամատիկական թատրոնի շենքի դիմաց, Իսահակյան փողոցի վրա, տեղադրված է հայ
տպագրության հիմնադիր Հակոբ Մեղապարտի
հուշարձանը (1987 թ., քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան, պետ. ցուցիչ՝ 1.6.67.2),
իսկ Քոչարի փողոցի վրա՝ Երվանդ Քոչարի «Ալեգորիա»
(«Բանվոր և կոլտնտեսական») քանդակը
(1956 թ., մասնակի վերականգնված և տեղափոխված
ներքին բակից, 2017 թ., պետ. ցուցիչ՝
1.6.67.1):
Գրքի պալատը 1930-ական թթ. սկզբի խորհրդահայ ճարտարապետության
բնորոշ կառույցներից է, երբ ճարտարապետական նոր արժեքները ստեղծվել են ավանդական ազգային
ճարտարապետության ձևերի և թեմաների կիրառմամբ: Գրքերի պալատում կան դասական-ավանդական
և 1920-ական թթ. կոնստրուկտիվիստական լուծումներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան