ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲԵՐԴՇԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
Մ.թ.ա. II-I հազարամյակներ - ուշ միջնադար
Պետ. ցուցիչ՝ 1.6.14
Գտնվում
է Երևանի պատմական Կոնդ թաղամասի դիմաց՝ Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրից
մոտ 700 մ արևելք:
Ըստ
ավանդության՝ այստեղ եղել է Հայոց պանթեոնի սիրո աստվածուհի Աստղիկի ապարանքը, որի
երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի
սիրեցյալին՝ Վահագն աստծուն: Այդպես է առաջացել բլրի «Ծիծեռնակաբերդ» անվանումը: Որոշ
գիտնականներ Ծիծեռնակաբերդը նույնացրել են բյուզանդական սկզբնաղբյուրներում հիշատակվող
Խելիդոնիոն բերդի հետ (հունարենից թարգմանաբար նշանակում է «Ծիծեռնակաբերդ»): Այդ նույնացման
համար հիմք է ծառայել XI դ. II կեսի բյուզանդական ժամանակագիր Հովհաննես Սկիլիցեսի`
1047 թ. պատմական անցքերի մասին հիշատակությունը:
Արևելք-արևմուտք
ձգվող հրվանդանի գագաթին, երկու դարավանդի վրա ամրոցի միջնաբերդն է, ուր պահպանվել
են բազալտե զանգվածեղ քարերից կառուցված 2-6 մ լայնությամբ պարիսպների, գագաթային մասում՝
ապարանքի (տաճարի) հիմնապատերի մնացորդներ: Բազմաշարք դարավանդ-պարիսպները գագաթից
աստիճանաձև իջնում են Հրազդանի ձոր:
1960-ական
թթ. սկսած՝ բնակատեղիում կատարվել են հնագիտական հետազոտություններ, բացվել են տարբեր
դարաշրջանների կառույցներ, հայտնաբերվել են հնագիտական հարուստ նյութեր: Վերջին պեղումներն
իրականացվել են 1998 թ. և 2007 թ.: Պեղումների ղեկավար, հնագետ Հայկ Հակոբյանը, առկա
հնագիտական նյութերի և շինարարական արվեստի հիման վրա հնավայրը թվագրել է մ.թ.ա.
XII-IX դդ., նշելով, որ կյանքն այստեղ շարունակվել է առնվազն մինչև ուշ միջնադար
(XVII դ.):
Բրոնզի
դարում կառուցված Ծիծեռնակաբերդն անընդմեջ բնակեցված է եղել առնվազն 4000 տարի և էական
նշանակություն է ունեցել Երևանի պաշտպանական համակարգում: Այն հնագույն, հին և միջնադարյան
Երևանի պատմության ու մշակույթի բացառիկ հուշարձան է: