ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԱՑԻ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ


1989 թ.


Պետական ցուցիչ՝ 1.5.24

Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան

Գտնվում է Խաղաղ Դոնի փողոցում՝ Էրեբունի վարչական շրջանի բնակելի կառուցապատման մեջ:

1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժը մեծ ավերածությւնների և հազարավոր մարդկային զոհերի պատճառ դարձավ: Քաղաքակիրթ մարդկությունը, միջազգային կազմակերպությունները և աշխարհի շատ պետություններ, այդ թվում նաև՝ Հարավսլավիան, օգնության շտապեցին հայ ժողովրդին: Մարդասիրական օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը 1988 թ. դեկտեմբերի 12-ի գիշերը վայրեջքի վայրից ոչ հեռու՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղից հարավ-արևմուտք՝ Քասախի կամրջի մոտ, աղետի ենթարկվեց, զոհվեցին ինքնաթիռի անձնակազմի բոլոր յոթ անդամները։ Երախտապարտ հայ ժողովուրդը 1989 թ. և´վթարի տեղում,  և´ Երևանում հուշարձաններ կանգնեցրեց ի հիշատակ այդ ողբերգության: Ծաղկունքի հուշարձանը կառուցվեց կործանված ինքնաթիռի մնացորդների օգտագործմամբ (ճարտարապետ՝ Ժիրայր Պետրոսյան): Այստեղ թաղվեցին նաև զոհված օդաչուները:

Երևանի Խաղաղ Դոնի փողոցում կառուցված հուշարձանը (քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան) տեղադրված է սրբատաշ գորշ բազալտից և կարմիր գրանիտից կառուցված հարթակի վրա, դեպի ուր տանում են աստիճանները: Սրբատաշ պատվանդանին տեղադրված է իր հորինվածքով ծառ հիշեցնող բրոնզաձույլ քանդակը, որի կենտրոնական հատվածից վեր է սավառնում զոհվածների հոգիները խորհրդանշող թռչունների երամը (թևատարած յոթ թռչուն):

Հուշապատին արձանագրված են հարավսլավացի օդաչուների անուն- ազգանունները և նրանց զոհվելու տարեթիվը՝ 12.12.88 Թ.:

Հուշարձանի բարձրությունը 5.80 մ է:


«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Խաղաղ Դոնի փող.