ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ


V-XX դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.2.6

Գտնվում է թաղամասի մեջ՝ Մարշալ Խուդյակովի, Շահինյան, Վախթանգովի, Մալյան փողոցներով եզերված տա­րածքում։ Ավտոճանապարհով բաժանվում է մեծ և փոքր հատվածների։

Գերեզմանոցի մեծ (աջակողմյան) հատվածում՝ բարձունքի վրա, պահպանվել են IX-XVII դդ. թվագրվող գեղաքանդակ խաչքարեր, խաչքարերի բազմաթիվ բեկորներ, պատվանդաններ, ուղղանկյունաձև, օրորոցաձև ու երկթեք վերնամասով տապանաքա­րեր, սալատապաններ։ Մշակման տեխնիկայով և նրբագեղությամբ աչքի են ընկնում հատկա­պես խաչքարերը (Սարգսի՝ 1204 թ., Մուլքանշահի և Վարծելի՝ XV դ., Խերխաթունի՝ 1466 թ., Նեքամատ աղայի՝ 1507 թ., Ազարիայի՝ 1590 թ., Հապիպսուլթանի՝ XVI դ., և այլն)։ Տապանաքարերի մի մասն արձանագիր է կամ քանդակազարդ՝ հարդարված կենցաղային տե­սա­րաններով, խաչերով և ննջեցյալի ուրվագծային պատկերներով (Ամիրգուլի՝ 1462 թ., գավառեցի Մելիքսեթ երեցի՝ 1581 թ., Ազարիայի՝ XVI դ., Մարտիրոսի՝ XVI-XVII դդ., Խասփուշի՝ 1610 թ., Իգնատիոս քահանայի՝ XVII դ., Գուլամիրի՝ 1653 թ., Մարկոսի՝ 1799 թ., և այլն)։ Խաչքարերից մեկը (XVI դ.) կերտել է միջնադարյան քարգործ վարպետ Գուրգենը, կենցաղային տեսարանով ու ծածկագիր արձանագրությամբ մի տապանաքար էլ՝  XVI դ. նշանավոր քարգործ Մելիքսեթը։ Այս ծածկագիրը Երևանի տարածքում մինչ օրս հայտնի երկու ծածկագիր արձանագրություններից երկրորդն է (առաջինը հայտնաբերվել է Ավանի տաճարում):

Գերեզմանոցի արևմտյան և հարավային հատվածները հիմնականում զբաղեցնում են XIX-XX դդ. թաղումները։ Հյուսիսային մասում Երկրորդ աշխարհամարտում զոհված ավանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանն է՝ կառուցված սև և կարմրավուն տուֆից, 1976 թ(ճարտարապետ՝ Ստ. Քյուրքչյան, քանդակագործ՝ Ե. Վարդանյան)։

Գերեզմանոցի փոքր հատվածը՝ ութանիստ կոթողով (V-VI դդ.) ու մի քանի խաչքար-տապանաքարերով մնացել է ասֆալտապատ ճանապարհի ձախակողմում:

1968 թ. տարածքում կատարվել են բարեկարգման աշխատանքներ։

Գերեզմանոցը գործող է: Պատմական հատվածն ավերվում է նորօրյա թաղումների պատճառով:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան



Մարշալ Խուդյակովի, Շահինյան, Վախթանգովի, Մալյան փողոցներով եզերված տա­րածքում