ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ
2002 թ.
Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան
Հուշակոթողը կանգնեցված է Մաշտոցի պողոտա, 16 հասցեում գտնվող բնակելի շենքի մոտ:
Տաղանդավոր գիտնական, ռադիոֆիզիկոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը (22.11.1942, Թիֆլիս-21.06.1992, Արցախ, Տոնաշեն) հմուտ ռազմական գործիչ էր, Արցախյան ազատամարտի մասնակից՝ կանգնած անկախացած Հայաստանի բանակի ստեղծման ակունքներում:
Արցախյան շարժման առաջին իսկ օրից Ազգալդյանը մասնակցել է հայ
ազգային-ազատագրական պայքարին: Կազմակերպել և ղեկավարել է ՀԽՍՀ մի շարք շրջանների, մասնավորապես, Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը: 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության
բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը: Մասնակցել է բազմաթիվ
մարտերի: Սկզբում գործել է Արցախի Շահումյանի, ապա՝ Մարտակերտի շրջաններում: 1991
թ. ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը: 1992 թ. հունիսի
21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ սպանվել է դավադիր կրակոցից: 2019 թ. օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան:
ՀՀ
վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանի կերտած
հուշակոթողը 2002
թ. դեկտեմբերի 11-ին տեղադրվել է
Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի
խաչմերուկում՝ Մաշտոցի պող. 16 հասցեում, այն շենքի մոտ, որտեղ ապրել
է Արցախի հերոսը: Հուշակոթողը տեղադրված
է 26 սմ բարձրությամբ պատվանդանին: Մոխրագույն
բազալտի երկու կտորից, փայլեցրած մակերեսով, շեղանկյունաձև քարի (բարձրությունը՝ 2,7 մ) վերին մասում քանդակված է հերոսի
դիմապատկերը: Կերպարը ռեալիստական է: Կոթողի հյուսիսարևմտյան նիստին պատկերված է
արմավենու ճյուղ, իսկ հարավարևմտյան նիստին փորագրված է.
«ԼԵՈՆԻԴ
ԱԶԳԱԼԴՅԱՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ, ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»
2022 թ. ապրիլի 13-ին քանդակը ենթարկվել է վանդալիզմի և հմտորեն վերականգնվել
է:
Լ.
Ազգալդյանի հուշակոթողը Տ. Արզումանյանի լավագույն ստեղծագործություններից է,
կատարված է հմտորեն, ազգային հերոսի կերպարի վառ անհատականության ընդգծմամբ,
դիմապատկերի ռեալիստական արտահայտմամբ: Այն ունի Լեոնիդ Ազգալդյան մեծ հայի,
ազգային նվիրյալի, քաղաքացու, գիտնականի հիշատակը հավերժացնող նշանակություն:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարության 2022 թ. նոյեմբերի 8-ին կայացած փորձագիտական նիստում Լ. Ազգալդյանի
հուշակոթողն ստացել է հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան