ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
«Եռաբլուր» Պանթեոն
Եռաբլուր պանթեոնը գտնվում է Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմոբիլային ճանապարհից աջ՝ Եռաբլուր բարձունքում։
Այստեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների, 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի զոհված զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մի շարք մարտիկների աճյունները։ Բլրի բարձրությունը 951 մ է։
Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը, հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։ Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ` Վազգեն Սարգսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վահագն Ասատրյանի, հազարավոր ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։
Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա. Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։