ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Մանկական Երկաթուղի
Մանկական երկաթուղային այգին Հրազդանի կիրճի ամենագեղեցիկ հատվածներից մեկն է։ Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թվականին առաջ է քաշել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։
Երկաթուղին կառուցվել է 1943թ.-ին: Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյան է: Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից` կրկին Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։
Մանկական երկաթուղիները եզակի երևույթ էին, որոնք ԽՍՀՄ անդամ երկրներում գործում էին որպես ուսումնական հաստատություններ, որտեղ երիտասարդ ուսանողը սովորում էին երկաթուղային տարբեր մասնագիտություններ:
Այգու այցելուները տարվա տաք եղանակին կարող են նստել գնացք և կարճ զբոսանք կատարել Հրազդանի կիրճում՝ անցնելով մոտ 600մ, և վերադառնալ սկզբնակետ: Այս ուղին յուրօրինակ հայացք է խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանի կյանքին:
Այս վայրը սիրված է հատկապես երեխաների շրջանում, և նրանց աղմուկը ամբողջացնում է այգու գեղեցկությունը։ Այստեղ, բացի բազմամյա այգուց, կան նաև մանկական ժամանցի և միջոցառումների անցկացման համար այլ միջոցներ: